168.am-ը գրում է.

Անցած տարին առավել շոգն է դարձել Իտալիայում վերջին երկու դարի ընթացքում՝ գերազանցելով ռեկորդը: Այս տվյալները տարածել են Մթնոլորտի ուսումնասիրման ինստիտուտը եւ Հետազոտությունների ազգային խորհուրդը։

Ինչպես նշվում է նրանց զեկույցում, Իտալիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ ջերմաստիճանների աճը բարձր է աշխարհի միջին տաքացման համեմատությամբ:

«Օդի ջերմաստիճանը Ապենինների տարածքում սկսել է բարձրանալ 1980-ական թվականներին, եւ այդ միտումը շարունակվում է:  Այսպես, սկսած 1800 թվականից, առավել շոգ 30 տարիներից 25-ը բաժին են ընկնում 1990 թվականից հետո ընկած ժամանակաշրջանին»,-ասված է զեկույցում:

Օդերեւութաբանական դիտարկումների համաձայն, 2018 թվականին ջերմաստիճանի միջին ցուցանիշը բարձրացել է 1,58 աստիճանով, ինչը բարձր է 2015 թվականի նախորդ ռեկորդից, երբ գրանցվել էր 1,44 տոկոս աճ: «Իտալիան կլիմայական փոփոխությունների գործընթացի ցայտուն օրինակ է,-ասում են մասնագետները:- Այս ֆենոմեններից առավել մեծ չափով տուժում է բնապահպանությունը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը»:

Գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին երաշտներից, ջրհեղեղներից եւ անսպասելի ցրտահարություններից վնասը կազմել է առնվազն 1,5 մլրդ եվրո:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ անցյալ տարին առանձնապես շոգ է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Ավստրիայում, որտեղ նույնպես գրանցվել են ջերաստիճանային պատմական առավելագույն ցուցանիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել