Վերջին մի քանի օրերն առավել «ակտիվ են անցել» թշնամու բանակում: Բանն այն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարությունը շարունակում է թաքցնել իր զոհված զինվորների թիվը, ու դրանք չեն հրապարակվում կամ հրապարակվում են կեղծ տեղեկություններով:
Օրինակ՝ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակն ունեցել է շուրջ 5 զոհ, որոնց մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չկա, սակայն նրանց մասին գրում են ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի մահացած զինվորներն են ՝ Ֆուադ Շիրիևը, Ֆուադ Ահմեդովը, Օրհան Ալիևը, Սահել Դամիրովը, Ազար Բաբաևը:
Եվս 20 զոհի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, մնացել էին ձյան տակ, ու բոլորը մահացել էին: Սակայն ժողովուրդը չի հավատում պաշտոնական հայտարարությանը, և սոցիալական ցանցերում քննարկվում է, որ զինծառայողները զոհ են գնացել զինվորների և սպաների ներքին հարաբերությունների վատթարացմանը:
Հենց այս զոհերի հայտնվելուն զուգահեռ հայկական կողմը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ թշնամու դիրքերից ժամանակ առ ժամանակ տարօրինակ ձայներ են գալիս, ինչը թույլ է տալիս կարծել, թե ադրբեջանական բանակի զինվորները հարցեր են պարզում իրար միջև ու դրանից հետո մեքենայով մարմիններ են տեղափոխում: Ադրբեջանական կողմը հերքել էր այդ լուրը, սակայն հետագայում տարածվել էին զոհված զինվորների մասին տեղեկությունները: