ԱՄՆ-ում դեռահասը գիշերվա ընթացքում հեռուստասերիալներ է դիտել՝ անտեսելով մոր արգելքը, ինչի պատճառով, սակայն, նա կարողացել է ժամանակին նկատել հրդեհի բռնկումը, հաղորդում է WIVB տեղեկատվական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել Դելավերում, հունվարի սկզբին: Անժելա Մարի Բորդերը, իր 13-ամյա որդուն՝ Դամիրին արգելելով Netflix-ով մինչ ուշ գիշեր սերիալներ դիտել, գնացել է քնելու:

Այնուհանդերձ, դեռահասն անտեսել է մոր արգելքը և գիշերվա ժամը մեկին ծխի հոտ է զգացել: Նա անմիջապես արթնացրել է մորը, ահազանգել փրկարարներին, որից հետո դուրս են եկել արդեն հրդեհով բռնկված տանից:

«Ես չգիտեմ, թե որտեղ կլինեինք մենք, եթե նա լսեր ինձ և պառկեր քնելու»,- խոստովանել է կինը: Ընտանիքի հայրը միջադեպի ժամանակ եղել է աշխատավայրում: Հրշեջների խոսքերով՝ հրդեհի բռնկման պատճառը հոսանքի վահանի անսարքությունն է եղել: Տունը վերականգնման ենթակա չէ: Ընտանիքի չորս շներից երկուսը սատկել են, մնացածը անհետ կորել:

Կարմիր խաչը ընտանիքին հյուրանոցում սենյակ վարձելու համար 600 դոլար է տրամադրել, իսկ հարևանները դրամահավաք են կազմակերպել տուժածների համար առաջին անհրաժեշտության իրեր ձեռքբերելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել