Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը:
Սիրիայում հայկական ներկայությունը շատ կարևոր հանգամանք է թե՛ արաբական աշխարհի հետ երկկողմ կապերի զարգացման, թե՛ բարեկամ Սիրիայի հետ կամրջող դերակատարման շրջանակներում: Սիրիայում հայկական ներկայությունը նաև որոշակի զսպող գործոն է և հիշեցում Թուրքիային` ցեղասպանության իրականացման և այդ հանցագործության ժխտման հետ կապված: Սիրիահայերն այդ ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են ու հիշեցնողները:
Սիրիայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է, և սիրիահայերի որոշակի հատվածի վերադարձը Սիրիա դառնում է իրատեսական: Սակայն պետք է հասկանալ մեկ բան` Սիրիայում, Լիբանանում կամ այլ երկրներում, որտեղ առկա է մեծաթիվ հայ համայնք, ՀՀ-ն ու նրա արտաքին քաղաքականությունը պետք է լինեն ավելի ակտիվ, նախաձեռնող ու օգնեն այդ համայնքին ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե արձագանքեն հետևանքներին, երբ սիրիահայերը փախստականի կարգավիճակով հայտնվում են ՀՀ-ում ու տարբեր երկրներում:
Արաբական աշխարհի հետ կապերը պետք է բարձրացվեն որակական նոր մակարդակի։ ԱԳՆ-ում պետք է լինի արաբագետների լուրջ թիմ, որը կիմանա այդ տարածաշրջանն ու պրակտիկ խորհուրդներ կներկայացնի իշխանություններին, այդ երկրների հետ աշխատելու տեսլական ու ռազմավարություն կմշակի:
Հայ համայնքները Մերձավոր Արևելքում պետք է լինեն ՀՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ ձուլումը թույլ չտալու, թե՛ հայապահպանության ու ՀՀ-ի հետ սերտ փոխադարձ կապերի պահպանման տեսանկյունից: Այդ համայնքները պետք է դառնան լուրջ քաղաքական, տնտեսական գործոններ․ ՀՀ-ի ֆինանսական ռեսուրսները բավարար չեն մեծաքանակ դեսպանատներ պահելու համար, և այդ համայքնի ակտիվ ներկայացուցիչները պետք է իրականացնեն նաև որոշակի դիվանագիտական ու լոբբիստական ֆունկցիաներ:
Արաբական աշխարհի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար պետք է ստեղծվեն նաև առանձնին think tank-եր` ուղեղային կենտրոններ, որոնք ԱԳՆ-ին զուգահեռ անկախ գնահատականներ կտան ու լրացուցիչ տեղեկատվություն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին ու կհամակարգեն այդ երկրներում ազգային, կրոնական փոքրամասնությունների հետ կապերը, այն փոքրամասնությունների, որոնք բարեկամաբար են տրամադրված տեղի հայ համայնքի նկատմամբ: