Եթե մեզ համար որևէ ազգ փոքրամասնություն է ընկալվում, դա նշանակում է, որ մեր աշխարհի մասին պատկերացումը ընդամենը բանալու անցքից է։
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում իր բնակչությամբ՝ 1,35 մլդ մարդ։ Այդ բնակչությունը ներառում է նաև հայերին։
Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում։ Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դարում, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ։ Համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Կոչին)։ Փոքրաթիվ, բայց ազդեցիկ համայնքներ են ունեցել Դելի, Հուգլի, Նորովար, Քաշմիր քաղաքները։ Հնդկահայերը մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին։ Հնդկական իշխանությունների հովանավորած և արտոնած հայ վաճառականները հնդիկներին օգնել են ֆինանսական միջոցներ տրամադրելով, զինագործները՝ զենք պատրաստելով, զինվորականները մտել են հնդկական բանակ և կռվել գաղութարարների դեմ։ 1662-ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգալացի նվաճողների դեմ։ Հաղթանակից հետո հնդկական իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին։ 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։ Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։ Հայերը մասնակցել են նաև XIX դարի 1-ին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապստամբություններին։ Հնդկական տարեգրություններում դրվատանքով են հիշվում սպաներ Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը, որոնք գլխավորել են հայ-հնդկական զինված ջոկատներ։ Հնդկահայերին զբաղեցրել է նաև հայրենիքի՝ Հայաստանի ազատագրության խնդիրը։ Այդ նպատակով էլ 1770-ական թթ. Մադրասում հիմնվել է Մադրասի խմբակը։ Խմբակի ակնառու դեմքեր Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են կատարել հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում։ 1772-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը, 1773-ին՝ «Որոգայթ փառացը», որն ապագա Հայաստանի պետական կազմակերպական ծրագիր էր։
Ցայսօր Հնդկաստանում գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին)։
Հիմնվել են տպարաններ (Մադրասում, Կալկաթայում)։
1794-ին Մադրասում լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (խմբագիր՝ Հարություն Շմավոնյան), և այնուհետև՝ շուրջ 19 պարբերական (հայերեն և անգլերեն)։
1821 թվականին բացվում է «Հայկական մարդասիրական ճեմարան»-ը։ Մինչև 1842 թ․ դպրոցը եղել է երկսեռ, դպրոցին կից գործել է նաև գրադարան։
1846 թվականին Կալկաթայում բացվում է «Սանդխտյան» աղջկյաց դպրոցը, որը հետագայում դառնում է երկսեռ։
1922 թ․ Կալկաթայում բացվում է «Դավթյաց օրիորդաց վարժարան»-ը։
Կալկաթայում հայերի խաղացած դերի մասին փաստում է քաղաքի կենտրոնում գտնվող, «Հայկական» կոչվող փողոցներից մեկը։ «Հայկական» է կոչվում նաև Կալկաթայից ոչ հեռու գտնվող լեռնաշղթաներից մեկը։