Այսօր համացանցում լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացված միջնորդությամբ ցանկանում են ազատ արձակել ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր ու սառնասիրտ մարդասպաններից մեկին՝ Ենոքյան Մհեր կոչեցյալին: Նման դեպքերում ես հասկանում եմ, որ մեր երկրում մահապատժի վերացումը ամենասխալ բանն էր, քանի որ Մհերի պես տականքներին պետք էր անմիջապես այդ պատժին ենթարկել: Ասում են՝ միջնորդությունը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության բաժնի պետերից մեկը, ով մի քանի անգամ բանտում նրան այցելելուց, նրա հետ քնելուց հետո հանձն է առել դահիճին արդարացնելու գործը, հիմա էլ փորձում է իր պաշտոնական դիրքն օգտագործելով արջի ծառայություն մատուցել դաժան մարդասպանին:
Գնդակը հիմա Նիկոլ Փաշինյանի դաշտում է, ու եթե նա որոշեց ներել սառնասիրտ մարդասպանին, ով սպանել էր ակադեմիկոս Միքայել Աղաջանովի 19-ամյա մինուճար որդուն՝ դիակի դիմաց փող ստանալու նպատակով, ապա ես առաջինը կթքեմ նման արդարադատության երեսին: Չի կարելի նման դեպքերում, երբ զոհի հարազատներն ամեն անգամ մղկտում են այս դեպքի մասին հրապարակում կարդալիս, վերքը նորից բացվում է, երբ լսում են, որ իրենց միակ որդուն դաժանաբար սպանողը հնարավոր է հայտնվի ազատության մեջ, վերին իշխանական օղակների մակարդակով նպաստել նման անարդարության կայացմանը:
Երբ համաներմամբ ազատ էին արձակում Սասնա ծռերի ահաբեկիչներին, ասվում էր, որ եթե զոհվածների հարազատները դեմ լինեն, նրանց կարծիքը հաշվի կառնվի: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ սպանված տղայի ծնողները բաց նամակներով դիմում են վարչապետին, որպեսզի այդ դահճին ոչ մի դեպքում ազատ չարձակեն, բայց իշխանական կուլիսներում քչփչում են լրիվ հակառակ բանի մասին:
Պարոն Փաշինյան, հուսով եմ՝ չեք գնա այդ քայլին, ներում չեք շնորհի սառնասիրտ դահճին, չեք խրախուսի մարդասպանությունը, նոր հնարավորություններ չեք ստեղծի առողջ հասարակությունից մեկուսացված սադիստների համար: Տեղից էլ վերջին համաներումից հետո բոլորս ասեղների վրա ենք, որովհետև ազատության մեջ են հայտնվել գրպանահատներ, խուլիգաններ, կողոպտիչներ, մեքենա թալանողներ: Դեռ լրիվ չենք մարսել ձեր «մարդասիրական» քայլի պտուղները, ու Մհեր Ենոքյանի պես ոճրագրոծների ամեն արդարացման մասին հրապարակում ավելի է սրում առողջ հասարակության մեջ եղած զայրույթը: Մենք՝ առողջ հասարակությունն է Ձեզ բերել իշխանության, ոչ թե մհերենոքյանատիպ մարդասպանները, որոնց փորձում եք այդքան «մարդասիրորեն» ազատ արձակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել