Հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած կենցաղային միջադեպը, որի հետևանքով զոհվել էր ղազախ երիտասարդ, հակահայկական մեծ գործունեության հնարավորություն ընձեռեց պաշտոնական Բաքվին, քանի որ սպանության մեջ կասկածվողներն, ըստ ազերիների, միայն հայեր են։ Սակայն պաշտոնական Բաքուն և նրան սպասարկող որոշ ղազախական ԶԼՄ-ներ, չգիտես ինչու, չեն հիշատակում, որ երեք ձերբակալվածներից մեկն ազգությամբ ղազախ է։

Ղազախստանում և հատկապես Կարագանդայում հակահայկական հիստերիան հրահրողները Ղազախստանից դուրս են, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն է, ով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է էլ ավելի սրելու հայ-ղազախական ազգամիջյան հարաբերությունները Ղազախստանում։

Այսպես, եթե մինչ այս հայ-ղազախական հարաբերությունները սրելու գործում մեծ ակտիվություն էին դրսևորում թրքալեզու և ռուսալեզու ալիևյան կայքերը, սոցցանցերի ազերի օգտատերերը և Ղազախստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, ապա հիմա արդեն ակտիվացել են նաև հայալեզու ադրբեջանական կայքերը, օրինակ՝ ArmenianReport.com-ը, որը հայերի անունից վիրավորական հոդվածներ է հրապարակում ղազախների հասցեին՝ նրանց մեղադրելով անքաղաքակիրթ լինելու և վայրի պանթյուրքիզմի քաղաքականություն վարելու մեջ։ Այդ կայքի հոդվածներին հղում տալով՝ նույն ադրբեջանական ԶԼՄ-ները դրանք տեղադրում են իրենց կայքերում և ընթերցողներին ներկայացնում են որպես հայկական ԶԼՄ-ների տեսակետ Ղազախստանի և ղազախ ժողովրդի մասին։

Բաքվում հույս ունեին, որ հունվարի 1-ի ողբերգական միջադեպը կարող է հայ-ղազախական կոնֆլիկտի հանգել, որի արդյունքում Ղազախստանում բնակվող հայերի նկատմամբ տեղի կունենար այն, ինչ 1988 և 1990 թվականներին ազերիներն իրականացրին համապատասխանաբար Սումգայիթում և Բաքվում, սակայն Աստանայում շատ լավ հասկացան, թե ով է «մութ սենյակում սև կատու բռնում», և քրեական գործեր հարուցվեցին նրանց նկատմամբ, ովքեր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչերով հանդես եկան։ Հատկանաշական է, որ Ղազախստանում հակահայկական հիստերիային ակտիվ մասնակցում են Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի հակառակորդները, որոնց հետ, ինչպես տեսնում ենք, բավական ակտիվ համագործակցում են ոչ միայն ղազախաբնակ ադրբեջանցիները, այլև պաշտոնական Բաքուն։

Իսկ ազերիները, հրահրելով հակահայկական հիստերիա Ղազախաստանում, մի քանի նպատակ են հետապնդում, որոնցից ամենակարևորը Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների սրումն է, ինչպես նաև տնտեսական դրդապատճառները, քանի որ ղազախահայ համայնքը բավական բարեկեցիկ է ապրում, որն ուղղակի ծանր են տանում տեղի ազերիները և նրանց թիկունքում կանգնած Իլհամ Ալիևը։

ՀԳ. Չի բացառվում, որ Ղազախստանում հակահայկական հիստերիայի հրահրմանը շուտով միանան նաև այլ հայալեզու ադրբեջանական կայքեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել