BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Մամուլի ազատությունը մեծագույն արժեք է ու այդ ազատության չափից կարելի է հստակ եզրակացություն անել ինչպես տվյալ քաղաքական համակարգի, այնպես էլ հասարակության հասունության ու կայացվածության մասին: Մեծապես հենց մամուլի ազատությամբ է պայմանավորված մամուլում հնչող խոսքի ուժը, որը փոփոխվում է քաղաքական իշխանությունների հաջորդականությանը զուգընթաց:
Այս հոդվածում կանդրադառնամ խոսքի կշռի փոփոխությունների դինամիկային ու մի քանի ինձ հուզող մտայնությամբ կկիսվեմ ներկայումս խոսքի կշռի թուլացման տենդենցների թեմայով:

Թերևս դժվար է ավելի ճնշված մամուլ պատկերացնել, քան խորհրդային կարգերի ժամանակ էր: Բարձրագույն կուսակցական ու պետական մարմինների կողմից անմիջապես վերհսկվող ԶԼՄ-ներում եթե նույնիսկ մի փոքրիկ քննադատական նյութ էր հրապարակվում, թեկուզ ամենաստորին չինովնիկի մասին, հասարակությանը անմիջապես հասկանալի էր դառնում, որ վերջինիս «երգը երգված է»: ԽՍՀՄ-ում խոսքն ուժ ուներ, ու եթե այն լույս աշխարհ էր ելել՝ անցնելով բարդ գրաքննական խողովակի միջով, ուրեմն այն հնչելուց հետո պարտադիր պետք է հետևանք ունենար:

Խորհրդային Միության վերջին տարիներին անդրոպովյան կանոնակարգված ժողովրդավարությանը որոշ ժամանակ անց փոխարինեցին գորբաչովյան բացախոսության տարիները, որոնք համընկան ԽՍՀՄ-ի փլուզման հետ: Եվ բնականաբար, այդ թարմության ալիքը մուտք գործեց նաև անկախ Հայաստան: 
Անկախության սկզբնական տարիներին դժվար էր օրենսդրորեն սահմանափակել խոսքի ազատությունը, ու ավելի հաճախ իշխանություններն ուղղակի անցանկալի լրատվամիջոցները փակում էին: Այս պարագայում էլ խոսքը շարունակում էր արժևորված մնալ, ինչի վառ ապացույցը հենց նրա դեմ կատաղի պայքարն էր:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազատ խոսքը լռեցնելու այլ՝ ավելի մոդեռն մեթոդներ սկսեցին կիրառել. օրենքի ուժով փակել անցանկալի լրատվամիջոցները ու նաև օրենքի ընձեռած հնարավորությունների շնորհիվ լրատվամիջոցները իշխանության վերահսկողության տակ առնել: Այս տարիներին էլ դեռ խոսքը շարունակում էր արժևորված մնալ, քանի որ մեծ դժվարությունների միջոցով էր անցնում, երբ ավելի մեծ մարդկային զանգվածների հասցնելու հնարավորությունը սահմանափակ էր: 
Ս.Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ կապված տարաբնույթ գործոնների ազդեցությամբ, ազատ խոսքը հանրությանը հասցնելու հարցում նկատելի առաջընթաց գրանցվեց: Թեպետ նոր իշխանություններն էլ խոսքի անազատությանը նպաստելու ինքնաշեն շատ գործիքներ ունեին, բայց 21-րդ դարը նոր պայմաններ ու մոտեցում էր պարտադրում: Բավական է միայն հիշել, որ տարաբնույթ մտացածին պատճառներով ու նաև հեռուստաալիքների թվայնացման պատրվակով խոչընդոտվեց անցանկալի տարր համարվող Ա1+-ի եթեր վերադառնալը: Ի դեպ, նույն կերպ նաև որոշ հետուստաալիքներ փակվեցին: 
Ս.Սարգսյանի պաշտոնավարումը համընկավ երկրում սոցցանցերի լայնամասշտաբ գրոհի հետ, ինչը և փոխեց խաղի կանոննեը: 

Վերահսկվող հեռուստաեթերից ու տպագիր մամուլից զրկված մարդիկ սոցցանցերը սկսեցին դիտարկել որպես իշխանական ագիտացիայից խուսափելու միակ փրկություն, ու սոցցանցերի օգտատերերի թիվը ամսեամիս բազմապատկվեց: 
Ազատության նոր շեմ ֆիքսած ու ահռելի մասշտաբներ գրավող սոցցանցերին դիմակայելու համար իշխանություններին ոչինչ չէր մնում, քան քայլեր ձեռնարկել՝ համացանցից որոշ օգտատերերի իր կողմից վերահսկվող հեռուստաընկերությունների հաղորդումների դիտումներին վերադարձնելը: Եվ որպեսզի դա թեկուզ մասամբ հնարավոր լիներ, պետք է վերը հիշատակված՝ անդրոպովյան ոճի կառավարելի բացախոսությամբ ժողովրդավարության պատրանք ստեղծվեր: Արդյունքում եղած լրատվամիջոցները ձևի և բնույթի լուրջ ռեֆորմացիաների ենթարկվեցին, ու զուգահեռաբար ստեղծվեցին նորերը՝ ազատները: 
Ամեն ինչ կարծես առավել քան լավ էր գնում ու թվում էր, թե մեր բոլոր խնդիրների լուծումներն արդեն շոշափելի են, բայց ցավոք ժամանակը ցույց տվեց, որ խոսքի ազատականացումը նրա կշռին հակադարձ համեմատական է, ինչը և նոր պատուհաս դարձավ: 
Այսօր ազատ խոսքի «օվկիանոսում», որտեղ յուրաքանչյուրը գրում է, ինչ կամենում է, մարդկանց աչքն ու ականջը մի տեսակ սովորել է ցանկացած սենսացիայի, իսկ պատկան մարմիններն էլ կարծես առաջվա պես օպերատիվ չեն արձագանքում մամուլի հրապարակումներին՝ պատճառաբանելով, թե այդքան կեղծուշիտակ ո՞ր լուրին արձագանքենք: Արդյուքում սկսում է տարածված լուրերի նկատմամբ այն ընտրովի վերաբերմունքը, որը կա հիմա: Եթե իշխանությունները ցանկանում են մեկին պատժել, ապա իրավապահ մարմինները անմիջապես դառնում են ազատ խոսքի բարեկամը և անմիջապես արձագանքում են համացանցային օգտատերերի բարձրացրած խնդիրներին, իսկ եթե կոնկրետ անձի հետ կապված ցանկություն չունեն անդրադառնալու, ապա դժվար չէ այդ համապատասխան լուրը տարածողներին որակել չար, նախանձ, դրականը տեսնելու անընդունակ ու երկրի համար ոչ մի արժեքավոր բան չարած «աբիժնիկ»: 
Բայց ներկա իրավիճակն անմխիթար է ոչ միայն իշխանությունների մեղքով: Չգիտես ինչու այս նոր իրավիճակին լիովին անպատրաստ են նաև մեր շատ ընդդիմադիրներ ու հասարակական ակտիվիստներ: Հիմա էլ ակտիվիստներն են ուզում կանոնակարգել համացանցը և, քանի որ տեխնիկական հնարավորություն չունեն դա անելու, ցանկացած բարձրացրած հարցից անմիջապես հետո արձագանքում են, թե այս հասարակ խնդիրը բարձրացնում են, որպեսզի շեղեն հիմնական խնդիրներից, և սկսում հանդիմանել այս շեղող նյութերը հրաապարակողներին: 
Մինչդեռ պետք է հասարակական անհանդուրժողական մթնոլորտ ստեղծվի հանրային կյանքի բոլոր ոլորտներում, պայքար ծավալվի ցանկացած արատավոր երևույթի դեմ, կռիվ տրվի հայրենիքի յուրաքանչյուր մետրի համար: 
Բայց ցավոք, մեր աննկուն հեղափոխականները պայքարը պատկերացնում են միայն մեկ քառակուսի մետրի համար, որի վրա տեղադրված է նախագահի աթոռը: Եվ, երբ առանց այն էլ մեր երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությունը նախագահական ընտրություններն են, կյանքը ցույց է տվել, որ ոչ մի ընտրության հարցում ընդդիմությունը հաջողության չի հասել, իսկ վերջին նախագահական ընտրություններին էլ ամենաազդեցիկ ուժերը պարզապես չմասնակցեցին: 
Եվ եթե վերանայենք մեր մոտեցումը պայքարի նպատակի ու դրա համար ընտրված միջոցների հարցում, որ ժողովրդավարության ու ազատ խոսքի ներկայիս հնարավորությունները ռացիոնալ օգտագործենք, որ հայրենիքի ցանկացած քարութուփին տեր կանգնենք, օր օրի երկիրն էլ կլավանա, ու մենք էլ ավելի լավին ձգտելով ավելի լավ ընտրություններ կանենք, քանի որ վատը չենք հանդուրժի: Իսկ երբ մեզ ամեն օր ասվում է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտների արատավոր երևույթների վրա ժամանակ պետք չէ ծախսել ու դրանով հասարակությանը շեղել կարևորից, հասկանում ես, որ գնում ենք սխալ ճանապարհով: Քանի որ երբ մարդ բոլոր մակարդակներում հաշտվում է իր վիճակի հետ, անարդարությունների հետ, որքան էլ նա պայքարի պատրաստ է լինում վճռական պատերազմում, միևնույն է, արդյունքը լինում է պարտությունը կամ էլ առավելագույնը արդեն զավեշտի վերածված բարոյական հաղթանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել