Artsakhpress.am-ը գրում է․
2018 թվականը, ընդհանուր առմամբ, ադյունավետ էր Արցախի միջազգային կապերի զարգացման ու ընդլայնման, միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման ու հզորացման առումով։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը՝ մանրամասնելով, որ շարունակվել են հետևողական աշխատանքները՝ Արցախի ճանաչման ու ապակենտրոնացված համագործակցության զարգացման և այդ շրջանակներում Արցախի ու օտարերկրյա տարբեր պետությունների համայնքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
«Անցնող տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի և օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում հետևողական քայլեր են ձեռնարկվել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ 2018 թ. ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված ինչպես Արցախի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունների, այնպես էլ օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից Արցախ այցելությունների կազմակերպմանը»,- նշել է Մ. Մաիլյանը՝հավելելով, որ անցնող տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հանրությանը կներկայացվի նոր տարվա հունվար ամսին նախատեսվող ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։
ԱՀ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ 2018 թվականը նշանավորվել է նաև նրանով, որ այս տարի իրենք նշել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակը։ Այդ կապակցությամբ կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն, ինչը լավ հնարավորություն էր՝ ամփոփելու վերջին տարիներին կատարած աշխատանքները և նախանշել հետագա անելիքները։
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկումներ են կայացել հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Հանդիպմանը Նախագահը Արցախի դիվանագիտական ծառայությանը տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության շրջանակներում ԱԳՆ-ում տեղի են ունեցել նաև կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Արցախի դիվանագետներին են ներկայացվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում հաստատված հարաբերություններն ու հեռանկարները, տնտեսության գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ավելացրել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
Մասիս Մաիլյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին և մաղթել, որ 2019 թվականը բոլորի համար լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի։
Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ Արցախի զարգացման, մեր հանրապետության միջազգային ճանաչման, արտաքին կապերի ամրապնդման ու ընդլայնման, և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման ու հզորացման ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/98845/?fbclid=IwAR1LSoz1usZ9CSFDJ9keGxgxkmxaj8tLseW470D64Vh5y2QmDCSAofprmTk
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել