«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան» շարքից։
Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների, բազմամշակութայնության և կրոնական հարցերի բաժնի պետ Էթիբար Նաջաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանում կա 108 դպրոց, որոնցում դասավանդումը լեզգիերեն է, և 225 դպրոց, որոնցում դասավանդումը թալիշերեն է։
Այն, որ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և դա ստուգելու համար հերիք է ընդամենը հետևել թալիշ օգտատերերի արձագանքներին, դեռ հարցի միայն մի կողմն է։
Հարցեր, որոնք կարող են տրվել ադրբեջանցի պաշտոնյային և մնալ անպատասխան.
1) Որտե՞ղ են պատրաստվում (վերապատրաստվում) այդ դպրոցներում «աշխատող» մանկավարժները, եթե ադրբեջանական բուհերում չկա թալիշերենի կամ լեզգիերենի բաժին։
2) Ինչպե՞ս է ստացվել, որ 2009թ.-ի ադրբեջանական մարդահամարի տվյալներով լեզգիների թվաքանակը 51%-ով գերազանցում է թալիշներին, բայց թալիշերենով դասավանդում իրականացնող դպրոցների թիվը կրկնակի ավել է լեզգիականներից։
3) Արդյո՞ք Ադրբեջանում, թալիշներից ու լեզգիններից բացի, այլ ժողովուրդներ չեն ապրում։ Ինչո՞ւ 108 լեզգիական, 225 թալիշական դպրոցների կողքին չկա, օրինակ, գեթ մեկ թաթական դպրոց, այն դեպքում երբ միայն Ղուբայի շրջանում կան ամբողջությամբ թաթաբնակ 50-ից ավել գյուղեր։