Ադրբեջանի ղեկավարությունը ժողովրդի տեղեկատվական սովը լրացնելու համար նրանց կերակրում է Արցախի հարցի շուրջ իբր ձեռք բերված և տարօրինակ հույսեր կապող խոստումներով։
Ադրբեջանի նման փակ պետության համար սա նորմալ երևույթ կլիներ, եթե այդ ամենը չափի մեջ մնար, սակայն հայտարարությունները և խոստումներն արդեն անցնում են չափը։
Ինձ, իհարկե, չի հետաքրքրում ադրբեջանցիների և նրանց իշխանության միջև վստահության շեմը, կամ թե իշխանությունն ինչքան կփորձի խաբել սեփական ժողովրդին, այլ հետաքրքրում է, թե եկող տարվանից սկսած Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է դուրս գալու այդ խոստումների տակից։
Իսկ փչած փուչիկը պայթելու հատկություն ունի, ու մարդկանց մեծ մասը համբերության բաժակ ունեն։ Տարիներ շարունակ լսել են թույլ Հայաստանի մասին, սակայն տարիների ընթացքում հարցը մնացել է նույնը։ Ադրբեջանն էլ մինչև վերջերս միշտ հայտարարություններով փորձում էր շրջանցել լուծման ճանապարհները, միշտ խոսվում էր «անխուսափելի» պատերազմի մասին։ Ու մեծ է հավանականությունը, որ շուտով որոշ խմբեր կսկսեն լուրջ պահանջներ ներկայացնել, քանի որ մեծ մասի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը գրավելու համար իրենց 1-2 ժամն ամբողջությամբ բավական է։ Բայց իշխանությունն այդպես էլ որևէ գործողություն չի կատարում։
Իսկ վերջին ամիսներին տրված խոստումների տակից դուրս գալն ադրբեջանական կողմի համար շատ դժվար է, գրեթե անհնարին զարգացում են խոստացել, որի փոխարեն չգիտես՝ ինչ կներկայացնեն ժողովրդին։