Tert.am-ը գրում է.

ԼՀԿ-ԲՀԿ հակամարտությունը դեռևս խորհրդարանի աշխատանքը սկսելուց առաջ խորհրդանշական է Հայաստանի քաղաքական նոր համակարգի կառուցման պրոցեսում։ 

Արդեն երևում է, որ այն «Բարգավաճի» համար հեռու գնացող նպատակներ է ունենալու, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ այս երկու կուսակցությունների վրա է դրված խորհրդարանական ընդդիմություն լինելու դերը, և նրանք անխնա քննադատում են։ Հակամարտությունը խոստանում է լինել դիտարժան և դրանով հասարակության ուշադրությունը կսևեռի խորհրդարանի աշխատանքի վրա։

Սակայն այս կուսակցությունների առաջնորդները և վերնախավը հաճույքով մոռանում են և մեզ էլ փորձում մոռացնել, որ «ընդդիմություն» ասածը նախ և առաջ ենթադրում է ընդդիմություն իշխանությանը։ Մինչդեռ զույգ կուսակցություններն էլ այնքան շնորհակալ են Նիկոլ Փաշինյանին և այնքան զգույշ են իրենց նոր քաղաքական վարքականոնում, որ դեռևս բացառում են իշխանությունների հասցեին թթու խոսք ասելը։ Ստացվում է հին ասացվածքի նման՝ և՛ կուսակցություններն են քննադատում, և՛ իշխանությունը չի քննադատվում, այսինքն՝ շոուն ապահովված է, իսկ կառավարությունը մնում է անքննելի:

Նույն պրակտիկան Հայաստանի նոր իշխանությունները կիրառում են նաև արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի ղեկավարությունը Հայաստանում հայտարարում է, որ Բելառուսից ու Ղազախստանից հաշիվ է պահանջելու ՀԱՊԿ-ում Հայաստանի ունեցած անհաջողությունների համար (Տաջիկստանի ու Ղրղզստանի հանդեպ բարկությունը դեռևս պահեստում է)։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է այս իրավիճակում ադեկվատություն մտցնել՝ հայտարարելով, որ իրականում Հայաստանի պրոբլեմները Ռուսաստանի հետ են, իսկ Ռուսաստանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի լեզուն, դիվանագիտական լեզվով ասած, լուռ է։

Նման PR տեխնոլոգիաները Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության սիրելի գործիքն են։ Օրինակ՝ մինչև այժմ աշխատում է այն մեթոդաբանությունը, երբ նախկին իշխանություններին դատափետում են օլիգարխիկ տնտեսություն ստեղծելու մեջ, սակայն կոնկրետ օլիգարխները ներկա իշխանությունների կողքին են, և նրանք ներկա իշխանությունների կողմից շարունակում են մնալ անձեռնմխելի։ Պարզ է, որ խնդիրը ոչ թե օլիգարխիան կազմաքանդելն է, այլ նախկին իշխանությունը, իսկ օլիգարխիան շարունակում է մնալ պետական սեփականություն նրանը, ով այդ պահին իշխանության գլխին է։ 

Հեշտ խոցելի, բայց անկապ հակառակորդների նշանակումը հայկական քաղաքականության առանձնահատկությունն է։ Նման մարտավարությունը ապահովում է այն, ինչին հենվելով նորերը եկել են իշխանության՝ հակառակորդի ոչ համարժեք նշանակումը և դատափետումը, ինչը, սակայն իշխանություններին չի մոտեցնում քաղաքական խնդիրների լուծմանը։

Վերադառնալով Բելառուսի օրինակին՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցությունների հիմնական կանոնը, իրեն մտցնում է փակուղի, որտեղից նահանջելու դեպքում նա կարող է կորցնել իր քաղաքական դեմքը։ Արդեն իսկ նկատվում է, որ ՀԱՊԿ-ում նրան սկսում են լուրջ չընդունել և հարցերի քննարկման ու մանավանդ որոշումների ընդունման խնդրում շրջանցում են կամ պարզապես հաշվի չեն առնում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել