Panorama.am-ը գրում է.
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, ու ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել և համաձայնեցվել է: Վերջին 24-25 տարիներին այդպիսի բազմաթիվ հայտարարություններ են եղել»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ նրա հավաստման՝ Արցախի հարցում նոր բան չկա.«Ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր»։
Անդադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ըստ նրա՝ քանի որ այդ այցերը հիմնականում աշխատանքային բնույթ են կրել, եղել են դեպքեր, որ դրանք նույնիսկ չեն լուսաբանվել, բայց հիմա իր աշխատակազմին հանձնարարել է, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



