«Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ՝ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, թե իբր դրա կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի: Գագիկ Ծառուկյանի և նրա անգլիացի գործընկերների կողմից 100 միլիոն դոլարից ավելի ներդրումների օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերին ցանկության դեպքում կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, և այստեղ գործ ունենք բացառապես դասական ցնդաբանության հետ: 

Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս՝ պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգախանգարմունքի նոպա են ունեցել: 

Ես, իհարկե, հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել: Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել: Ասում են՝ օգնում է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել