Նոր խորհրդարանը մայր օրենքից բխող մի քանի կարեւորագույն փոփոխություններ պետք է կատարի, որոնք կերաշխավորեն կայուն քաղաքականապես բովանդակային խորհրդարանի աշխատանքը, ինչ իր հերթին կնպաստի նաեւ երկրում պառլամենտարիզմի եւ պառլամենտական մշակույթ ձեւավորմանը:
1. Պետք է ձեւավորվի ԱԺ պատգամավորի հետկանչի ինստիտուտ (հաշվի առնելով բացակայություններն ու գործուղումները), ինչպես նաեւ խմբակցության կամ կուսակցության քաղաքական որոշումը: Դրույթը կարող է տեղ գտնել ե՛ւ սահմանադրությունում, ե՛ւ ԱԺ կանոնակարգ օրենքում:
2. Պառլամենտական մշակույթ եւ, առհասարակ, կառավարում ունեցող երկրներից մի քանիսում կա հստակ նորմ, ըստ որի՝ եթե խորհրդարանական գործունեության ընթացքում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը թույլ է տալիս իրեն անպարկեշտ պահվածք (հայհոյում, վիրավորում), այդ պատգամավորին առնվազն մի քանի ամսով զրկում են մանդատից, այլ կերպ ասած՝ ժամանակավոր սառեցնում են նրա «պատգամավորական կարգավիճակը»: Կարծում եմ՝ կարելի է նույնիսկ մտածել մշտական մանդատից զրկելու մասին, բայց այս փուլում դա մի փոքր ծայրահեղական կդիտվի, վստահ եմ, որ լավագույն լուծումը ժամանակավոր մեխանիզմն է: Եթե այս գործիքը կիրառվի, պատգամավորները նախ՝ շատ ավելի զգոն ու աչալուրջ կլինեն իրենց զգացմունքներն արտահայտելիս, եւ երկրորդ՝ սա նաեւ որոշակի քաղաքական պատասխանատվություն է ընտրողների, քաղաքացիների նկատմամբ, քանի որ վերջիններս չեն ձեւավորել խորհրդարան, որպեսզի ունենան հայհոյող կամ անվայելուչ կեցվածք դրսեւորող օրենսդիրներ: Կարծում եմ՝ կարիք կա նման հոդված եւս ամրագրել սահմանադրությունում:
3. Կուսակցական համակարգի եւ կուսակցությունների զարգացման ու կայացման նպատակով առաջարկում եմ համապատասխան օրենքով ավելացնել դրույթ, ըստ որի՝ ցանկացած քաղաքական կուսակցություն/դաշինք/միավոր/միություն պարտավոր է մասնակցել ցանկացած հերթական ՏԻՄ կամ համապետական ընտրություններին:
4. Ընտրական օրենսգրքում առաջարկում եմ կիրառել դասական պառլամենտական մշակույթ ու կառավարման համակարգեր ունեցող երկրների՝ մաքուր պառլամենտարիզմի տրամաբանությամբ ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ առնվազն 10 կամ 15 կուսակցություններ պետք է հայտնվեն խորհրդարանում: Բնական է, որ հարց կառաջանա, թե մեր երկրում որտեղից այդքան կենսունակ ու մրցունակ քաղաքական ուժեր, գուցե եւ չկան, բայց օրենքը պետք է նպաստի կուսակցաշինությանը եւ այս նորմը ամրագրելու դեպքում, կարծում եմ, մենք մեծ առաջընթաց կարձանագրենք, եթե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ԱԺ-ում հայտնվեն 6 կամ 7 կուսակցություններ։ Թիվն, իհարկե, քննարկելու է, ես ընդամենը պայմանական եմ ասում, բայց այս ուղղությամբ մտածելու ժամանակն է: Սրան զուգահեռ, միանշանակ ճիշտ է, պետք է անցում կատարվի 3% ընտրական շեմին, որը թույլ կտա նշածս պայմաններն ու միջավայրն ապահովել՝ պառլամենտարիզմի բովանդակություն ու փիլիսոփայություն հաղորդելով խորհրդարանին: