Azatutyun.am-ը գրում է.

«Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում գերեվարված ուկրաինացի զինվորականները հազիվ թե ազատ արձակվեն մինչև Ծննդյան տոները: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպարտամենտի` Ուկրաինայի գծով հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը:

«Ուկրաինացիների համար միակ դրական լուրն այս իրավիճակում Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի աներկբա աջակցությունն է», - հավելել է նա:

Անդրադառնալով ուկրաինացի ծովայինների սպասվող դատավարությանը՝Վոլքերը նշել է, որ այն չի կարող օրինական ուժ ունենալ, քանի որ զինվորականների ձերբակալությունն ինքնին օրինական չէր:

Ուկրաինական իշխանությունները այսօր տեղեկացրել են, որ գերեվարված ծովայինների շահերը դատարանում պաշտպանելու են 34 փաստաբաններ, որոնց վարձել է պաշտոնական Կիևը: Անդրադառնալով Մոսկվայից հնչող պնդումներին, թե մոտ ապագայում պաշտոնական Կիևը կարող է սադրանքների դիմել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է․ - «Ես կարծում եմ, որ այդ ենթադրությունների հեղինակները ռուսամետ ուժերն են, որոնց նպատակը ուշադրությունը շեղելն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել