Քաղաքական մշակույթի մասին...
Քաղաքականության մեջ՝ առհասարակ, իսկ մասնավորապես՝ հայկական քաղաքականության մեջ սրբեր չկան, ինչը նշանակում է, որ բոլորի եւ յուրաքանչյուրի դեմ որեւէ «կեղտոտ» կոմպրոմատ կարելի է գտնել, իսկ ցանկություն ունենալու դեպքում հաստատ կգտնվի նման բան: Բայց գրառմանս իմաստը բնավ սա չէ, այլ այն, որ մեր քաղաքական մշակույթին խորթ է քաղաքակիրթ բանավիճելը, թեպետ հեռակա, բայց միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն ցուցաբերելը: Վստահ եմ՝ առանց «տղայական բիլակների» ու «դու էդ ո՞վ դառար» կարգի արտահայտությունների քաղաքականությունն ավելի հետաքրքիր ու գրավիչ կարող է լինել, եթե բանավեճի թեման կամ առարկան իսկապես նպաստի քաղաքական մտքի զարգացմանը, քաղաքական շուկայի արդիականացմանը եւ, վերջապես, քաղաքականության իրականացման մշակույթի հումանիզացիային:
Մրցակից քաղաքական թիմերի հետ կարելի է եւ պետք է հաղորդակցվել միմիայն հարգանքով, քաղաքավարության ու բարեկրթության նորմերի խստագույն պահպանմամբ, ինչը կնշանակի, որ նախ՝ քաղաքականությունն ինքը «էժան» զբաղմունք չի դիտարկվի եւ երկրորդ՝ քաղաքական գործիչները, ինչպես նրանց եւ պատմական առաքելությունն է կոչված, օրինակ կծառայեն հասարակությանը, երիտասարդներին:
Քաղաքականությունը նաեւ լեզվի, արտահայտչամիջոցների, գեղեցիկ եւ փաստարկված խոսելու, համոզելու եւ սպառիչ լինելու արվեստ է, որտեղ հայհոյանքը, պիտակավորումը, ծաղրը եւ կամ վիրավորանքը բնութագրում են միայն այս կամ այն կողմում դիրքավորված թույլ մարդուն/թիմին, ով իր «մեծությունն» արտահայտում է բառացիորեն դուրս գալով մարդկային տրամաբանական ու քաղաքակրթական տարածությունից: Քաղաքականությունը շփման արվեստ է, բանավեճը նույնպես պետք է շքեղ լինի, հարուցի մարդկանց հետաքրքրությունը, սովորելու եւ օրինակ վերցնելու ցանկությունը: Քաղաքականությունը յուրօրինակ լեզվամտածողություն է, որը եթե չունես կամ որին եթե չես տիրապետում, դու, անկասկած, պարտվելու ես: