Պակիստանն Ադրբեջանին է առաջարկում գնել Al Khalid I MBT տանկեր, Anza II զենիթային համակարգեր և հակատանկային Baktar Shikan համակարգեր:
Նշվում է, որ ավարտական փուլում է գտնվում նաև Ադրբեջանի կողմից պակիստանյան JF-17 Thunder կործանիչների գնման գործընթացը:
Նշվում է, որ դրանք զինված են АФАР KLJ07-A չինական ռադիոլոկացիոն համակարգերով:
Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ` սուննի մեկ այլ պետության՝ միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա։ Անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։
Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով։ Շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այս պարագայում, ինչպես և նշվել էր նախկինում, կարելի է սերտացնել ռազմա-տեխնիկական, տնտեսական կապերն ու ներգրավվել հնդկական ներդրումներ` Հնդկաստան-Պակիստան աշխարհաքաղաքական մրցակցության ենթատեքստում, Իսլամաբադը Կովկասում սկսում է հենվել Ադրբեջանի վրա, տրամաբանորեն Նյու Դելին կարող է հենվել ու խորացնել կապերը Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցությունն էլ՝ լրացուցիչ խթան։