Ինչու՞ են Հայաստանի Հանրապետության բնակիչները այդքան մեծ տեմպերով արտագաղթում:
Հարց, որի պատասխանն ակնհայտ է:
Իրականում ոչ ոք չի ցանկանում լքել իր հայրենիքը, լքել այն վայրը, որտեղ ծնվել է, մեծացել, ձեռք է բերել ընկերներ և ստեղծել շրջապատ:
Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր պետություններում արտագաղթը ունեցել է երկու պատճառ՝
1. պատերազմական իրավիճակ
2. վատ սոցիալ-տնտեսական պայմաններ
Առաջին տարբերակը միանգամից կարող ենք բացառել, քանի որ մենք պատերազմական իրավիճակում չենք գտնվում: Մնաց երկրորդ տարբերակը. վատ սոցիալ-տնտեսական պայմաններ:
Այժմ ավելի մանրամասն քննարկենք այն: Նորից անդրադառնանք պատմությանը և կնկատենք, որ բոլոր պետություններում, որտեղ վատ սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով սկսվել է արտագաղթ, պայմանավորված է եղել ընդամենը մեկ գործոնով. դա է՝ գործազրկությունը, այսինքն՝ աշխատատեղերի բացակայությունը:
Մեր իշխանությունը քաջատեղյակ է դրա մասին, բայց արի ու տես, որ ցանկացած նախագիծ, որը կստեղծեր նոր աշխատատեղեր մեր իշխանության անմիջական միջամտությամբ, դադարեցվել է: Բնականաբար, ոչ մեկին ձեռք չի տա աշխատել 50/50 տարբերակով, որն առաջարկում են որոշ մարդիկ: 
Հարց է ծագում. ինչու՞ է մեր իշխանությունն անում ամեն հնարավորը և անհնարինը, որպեսզի չստեղծվեն նոր աշխատատեղեր: Ինչու՞ են գիտակցաբար զարգացնում արտագաղթը:
Թերևս կա երկու տարբերակ՝
1. Դա Ռուսաստանի մտահղացումն է - արտագաղթղների զգալի մասը արտագաղթում է Ռուսաստան և վերաբնակեցնում այն: Ռուսաստանն ունի տարածքներ, որոնք պետք է վերաբնակեցնել, և չունի մարդկային ռեսուրս, քանի որ խորհրդի փլուզումից հետո բավականին մեծ քանակությամբ մարդ լքել է այն:
2. Երկրորդ տարբերակ չկա: Վերադարձեք առաջին տարբերակին:
Այստեղ հարց է ծագում. իսկ եթե վաղը պատերազմ սկսվի, ո՞վ է գնալու պայքարելու: Ո՞վ է պաշտպանելու այն մեծահասակներին, ովքեր ստիպված մնացել են, քանի որ արտագաղթում են մեծամասամբ երիտասարդները: Հարցեր, որոնց պատասխանի դեպքում ակնհայտ է դառնում մի պարզ իրողություն. այն, որ մեր իշխանավորները շատ ավելի գրագետ ձևով շարունակում են այն, ինչ արել են թուրքերը 1915-ին և ադրբեջանցիները՝ Սումգաիթում:
Այս տեմպերով որ շարունակվի, մեր իշխանավորներին շուտով կտան Թուրքիայի և Ադրբեջանի ազգային հերոսի կոչում. հետմահու:
Ու քանի մենք գտնվում ենք Ռուսաստանի լծի տակ, մենք տառապելու ենք, չենք ունենալու մերը: Շատերի մոտ պատրանք է ստեղծվում, թե Ռուսաստանը մեր փրկիչն է, բայց ասեմ, որ դա ընդամենը պատրանք է և պայմանավորված է նրանով, որ շատերը գնում են այնտեղ գումար աշխատելու: Մի պահ մտածեք, որ այստեղ լինեին աշխատատեղեր, ո՞վ կասեր, որ Ռուսաստանը լավն է: Ոչ ոք: Ռուսաստանն այն պետությունն է, ով երբեք չի թողնի, որպեսզի լուծվի Ղարաբաղի հարցը, այն պետությունն է, ում առաջինն է ձեռնտու Հայաստանի ներկայիս վիճակը: 
Կա մի տարբերակ. պետք է գնալ դեպի արևմուտք: Հետխորհրդային բոլոր պետություններում, որտեղ իշխում է Ռուսաստանը, նույն վիճակն է, նույն քրեաօլիգարխիկ համակարգն է կանգնած պետության վերնախավում, ու բոլորն էլ նշանակվել են Մոսկվայից և թելադրում են այն քաղաքականությունը, որն իրենց ձեռնտու է:

Հ.Գ. Երկիրս երկիր չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել