BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Դեռ 1991 թվականին բազմազգ կոնտինգենտի կողմից` ԱՄՆ-ի գլխավորությամբ, Իրաքի դեմ ուղղված «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ Իրաքում ապրող քրդերի մոտ հույս արթնացավ, որ Սադդամ Հուսեինի դիկտատուրան տապալելուց հետո վերջապես իրենց կհաջողվի անկախ պետականություն ձեռք բերել՝ սկզբում Իրաքյան Քուրդիստանում, այնուհետև դա հիմք կդնի Մեծ Քուրդիստան պետության ստեղծմանը: Ուստի Իրաքի քրդերը շտապեցին ըմբոստանալ Սադդամի ռեժիմի դեմ, բայց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագի պլանների մեջ չէր մտնում Սադդամին տապալելը, քանի որ, իր կարծիքով, եթե նրա նման բռնակալին ասպարեզից հանեին, ապա տարածաշրջանի ղեկը կընկներ Թուրքիայի ձեռքը, և նրա նկրտումները զսպող այլևս չէր լինի: Եվ երբ ազդարարվեց պատերազմի ավարտը՝ հայտարարելով, որ կոալիցիոն ուժերի առաքելությունն ավարտված է, Քուվեյթն էլ՝ ազատագրված, քրդերը մնացին Սադդամի ռեժիմի դեմ մեն-մենակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 
Իսկ երբ տարիներ անց՝ 2003թ.-ին, նոր պատերազմ էր սկսվել Իրաքում՝ Ջորջ Բուշ Կրտսերը չհետևեց հոր հորդորին ու գահընկեց արեց Սադդամ Հուսեինին: Եվ Թուրքիայի արձագանքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Թուրքիան բոլորի աչքի առաջ ԱՄՆ-ի շարքային տարածաշրջանային դաշնակցից փորձեց վերածվել ինքնուրույն խաղացողի ու անմիջապես երևացին Թուրքիայի՝ տարածաշրջանային լիդեր դառնալու բոլոր ախտանիշները:

Այսօր Թուրքիայում ընդվզումների մեծ ալիք է փոթորկում: Ակնհայտ է, որ դրանց վրա նույնիսկ լավագույն ցանկության դեպքում մենք ազդել չենք կարող, ուստի առվելագույնը ինչ կարող ենք անել, աշխարհի հետ միասին ակտիվ դիտորդի կարգավիճակ ստաձնելն ու սպասելն է: Իսկ թե ինչ սպասումներ ունեն հայերը թուրք ցուցարարներ-ոստիկաններ պայքարից, կարելի է հստակ պատկերացում կազմել սոցցանցերին հետևելով: Կուզեմ անդրադառնալ երկու ծայրահեղ տեսակետի, որոնք այս օրերին հատկապես գերիշխում են մեզանում:

«Սպանեք ու կերեք իրար, ինչքան իրար սպանեք, այնքան մեզ լավ»

Այս ոճի մտքերին հիմնականում հակված է Ֆեյսբուքի ազգայնական սեկտորը, ովքեր մեծամասամբ հեռու են թուրքերին մարդ դիտարկելուց և կարծում են, որ այս ցույցերը Թուրիքան քայքայելու ու թուլացնելու լավ նախադրյալ են:
Մի կողմ դնելով այն, որ առհասարակ դեմ եմ սպանություններին, ինձ համար այս դիրքորոշումը կտրականապես ընդունելի չէ, հատկապես այն առումով, որ բնավ լուրջ չէ ակնկալել, որ մի քանի հարյուր, հազար կամ տասնյակ հազար մարդ սպանելով կկործանվի կամ կքայքայվի 75 միլիոնանոց այդ հսկա տերությունը: Բացի այդ՝ եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ այս ցույցերը արդյունք կտան, և սրանք դեպի Թուրքիայի կործանում առաջին քայլերն են, ապա հարց՝ ի՞նչ ենք ակնկալում Թուրքիայի քայքայումից հետո:

Կարծում եմ՝ նրանք, ովքեր շտապում են Թուրքիան քայքայված տեսնել, պետք է առաջին հերթին ի նկատի ունենան, որ դա կարող է սկիզբ դնել Մեծ Քուրդիստանի ստեղծմանը, այս անգամ արդեն Թուրքիայի տարածքից սկսած: Մինչդեռ դա ոչ մի պարագայում մեզ ձեռնտու չէ, քանի որ Քուրդիստանի տարածքում ընդգրկված կլինի նաև Արևմտյան Հայաստանի հողերի զգալի մասը:  Ուստի, եթե մենք դեռ հույս ունենք, որ տարիների ընթացքում իրավիճակի փոփոխության պարագայում Թուրքիային կարող ենք տարածքային ու նյութական պահանջներ ներկայացնել, ապա այդ տարածքում միջազգայնորեն ճանաչված պետության ստեղծման պարագայում մենք կկորցնենք մեր պահանջատիրության անգամ տեսական հնարավորությունը:
Հարկավոր է հաշվի առնել, որ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններն էլ են սկսել լրջորեն խոսել Արեւմտյան Քուրդիստան անվամբ պետության հռչակման մասին, որը սկիզբ է դնելու Մեծ Քուրդիստանի ստեղծմանը: Ի դեպ, դա Թուրքիայի հետ սահմանակից, հիմնականում քրդաբնակ հատվածներն են: 

«Թուրքիայում քաղաքացիական հասարակությունն է զայրացել, ու Աստված տա՝ հեղափոխություն անեն»

Գաղտնիք չէ, որ ավելի քան 50 տարի է, որ Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ: Դեռ 1959 թ.-ին Թուրքիան պաշտոնապես իր հայտը ներկայացրեց՝ դառնալու ԵՄ անդամ, որին այն ժամանակ ընդամենը 6 երկիր էր անդամակցում, և այն կոչվում էր Եվրոպական տնտեսական համագործակցություն: Պետք է փաստել, որ Էրդողանի վարչապետության տարիներին ավելի հետևողական քայլեր են արվել ԵՄ-ին անդամագրման ուղղությամբ: Ի դեպ, Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բխում է մեր շահերից, քանի որ, եթե մեր հարեւանը, որի հետ ունենք չկարգավորված խնդիրներ, լինի քաղաքակրթական արժեքներ կրող ԵՄ-ի անդամ, ապա դա մեզ համար կարող է հանդիսանալ անվտանգության լրացուցիչ երաշխիք: Բացի դրանից՝ եթե Թուրքիայի կողմից երբեւէ պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, ապա կարծում եմ, որ դա կարող է լինել ժողովրդավար, քաղաքակրթական արժեքներ դավանող եւ կրող երկրում: Եվ եթե Թուրքիան այդ արժեքները չի կրում, ոչ մի երկիր չի կարող ստիպել նրան ընդունելու ցեղասպանության փաստը: 

Գաղտնիք չէ, որ որքան էլ մենք պատմական ու ժամանակակից խնդիրներ ունենանք Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ժամանակակից Թուրքիան աշխարհի թերևս ամենաժողովրդավարական մուսուլմանական երկիրն է: Հիմա, երբ այնտեղ ժողովրդական ընդվզում է տեղի ունենում, և մեզ մոտ շատերն ակնկալում են, որ այնտեղ լուրջ հեղափոխական գործընթացներ տեղի կունենան, ապա ի՞նչ են ակնկալում, որ ո՞վ գա իշխանության այնտեղ և ինչպիսի՞ պետություն կառուցի, որ մեզ համար ձեռնտու լինի: Նման դրական սպասումները առնվազն տարօրինակ են հատկապես այն պատճառով, որ ցույցերի նախաձեռնողները հիմնականում նեոքեմալականներն են, որոնք իրենց արնախում մոտեցումներով ռեալ վտանգ կարող են դառնալ Հայաստանի համար: Այնպես որ, պետք է համակերպվել մտքի հետ, որ ինչքան էլ վատը լինեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները, հնարավոր նորերը նրանցից լավը չեն լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել