168.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միաժամանակ, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել