2019թ․-ից մեր երկրի քաղաքական կյանքը ոչ թե կանգնելու է, այլ, իմ կարծիքով, ավելի է ակտիվանալու, ընդ որում՝ այդ ակտիվությունը ոչ միայն և ոչ այնքան նկատելի է լինելու խորհրդարանում, այլ դրա պատերից դուրս:

Իրականում խորհրդարանական ուժերի առումով ամեն բան պարզ է, մնում է հասկանալ՝ ինչպես են դիրքավորվելու իշխանության դաշինքի հետ պառլամենտ անցած երկու քաղաքական ուժերը, բայց դա ժամանակը ցույց կտա, չնայած շատերի համար դա այդքան էլ էական չէ: Թեժ պայքարը գնալու է ոչ թե պառլամենտում, այլ դրսում: Տարբեր քաղաքական կուսակցություններ, ավանդական հին ու նոր, բոլորովին վերջերս ստեղծված և դեռ, համոզված եմ, հիմնադրվելիք քաղաքական կուսակցություններն իրար դեմ գաղափարական ու արժեքային դաշտում պետք է պայքարեն` ցույց տալով, որ յուրաքանչյուրը կարող է լինել գործող իշխանության ընդդիմությունը: Այս իմաստով քաղաքական իրականությունը պառլամենտից դուրս ավելի ինտրիգային է լինելու: 

Շատ ուրախալի է, որ այլևս չկա նախին քաղաքական համակարգը, և հետևապես կուսակցությունների միջև պայքարը պարտադիր ու հաստատապես պետք է լինի ծրագրային ու գաղափարական: Մեր երկրի քաղաքական համակարգը նոր տրանսֆորմացիոն փուլ է ապրում, և գալիք տարի երևալու է, թե որ ուժերը/ուժը պառլամենտից դուրս կընդգրկվի քաղաքական համակարգում` որպես դասական գաղափարական ու արմատական արտախորհրդարանական ընդդիմություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել