Երեւանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին զգոնության կոչ անող հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Տոների ժամանակ նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված»: Սա իր տեսակի մեջ Երեւանում ԱՄՆ դեսպանատան կողմից արված առաջին հայտարարությունն է: Ի՞նչն է մղել ԱՄՆ դեսպանատանը հատկապես այս տարի նման հայտարարություն կատարել: Պատասխանը դժվար չէ գտնել: 

Երբ սեպտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար առաքելություն են իրականացնելու, շատերը հայտարարեցին, որ դա ոչ միայն Հայաստանը կանգնեցնելու է ահաբեկչական խմբերի հարձակումների սպառնալիքի առջև, այլև արժանանալու է ԱՄՆ-ի կոշտ արձագանքին: Նկատի առնելով այն փաստը, որ այսօր Սիրիայի իշխանությունների դեմ կռվող զինված խմբավորումները վայելում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ առաքելությունն ուղղված է լինելու հիշյալ խմբավորումների դեմ, դժվար չէ կռահել, թե ինչի մասին է ակնարկում Երեւանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել