Ընկերներ ջան,
Ընտրությունների արդյունքներով ցանկանում էի ևս մեկ դիտարկումով ձեզ հետ կիսվել։ Երևի հիշում եք, թե ինչ համառությամբ ՀՀԿ-ն դիմադրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությանը՝ հույս ունենալով, որ խառը համամասնական-ռեյտինգային ընտրակարգը կաշխատի իր օգտին, իսկ ՀՅԴ-ն էլ, թեև քվեարկեց փոփոխությունների օգտին, արեց դա կիսատ-պռատ, արդյունքում տառացիորեն մեկ ձայն չհերիքեց օրենքը փոխելու համար։
Արդյունքում ինչ ստացանք բոլորս՝ փողոցները հեղեղված ռեյտինգային թեկնածուների պաստառներով և բաններներով (անտեղյակներին ասեմ՝ մեկ բանները 100$ և ավել արժի երկու նախընտրական շաբաթվա համար, միայն Երևանում հազարավոր բաններներ են վարձվել «Իմ քայլի» և մնացածների կողմից), Ազգային ժողովում 4-5 կուսակցության փոխարեն` ընդամենը 3-ը և ռեյտինգային ընտրակարգով առոք-փառոք ընտրված նոր «հեղափոխական» բարոններ։ Նույն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, եթե աջակցեին նոր ընտրակարգին, այսօր մեծ հավանականությամբ կհայտնվեին ԱԺ-ում, սակայն նրանց քաղաքական կարճատեսությունը բումերանգի պես վերադարձավ ու խփեց հենց իրենց, բայց և նաև իրենց ընտրողներին՝ այսօր ընտրողների 15%-ի ձայնը փոշացնելով, արդյունքում ներկայացված չի Ազգային ժողովում, և դա աննախադեպ երևույթ է․ համարյա 200 000 իրական ընտրող փաստացի զրկված է քաղաքական ներկայացուցչությունից։
Ես հուսով եմ, որ սա վերջին ընտրություններ էին այս անհեթեթ օրենքով, և որ մենք հաջորդ ընտրություններին արդեն կգնանք բարենորոգված ընտրական օրենսդրությամբ, որը վերացնում է ռեյտինգային ընտրակարգը, փոխարենը նախատեսում է թեկնածուների պարտադիր փրայմերիզ, իջեցնում է ընտրական շեմը և ընդարձակում է Ազգային ժողովում պարտադիր ներկա կուսակցությունների թիվը։ Դա փոքրամասնության իրավունքների երաշխավորման նորմալ մեխանիզմ է և կծառայի երկրում քաղաքական լարվածության նվազմանը։ Մինչ այդ իրական քաղաքական պայքարը կտեղափոխվի այլ հարթակներ․ արդեն հիմա դա տեղի է ունենում, ուստի տխրելու առիթ չեք ունենա։ Բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց տխրության։