Մամուլից տեղեկացա, որ, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, շարժում է սկսվել, ասում են նաև՝ այսօր հանրահավաք է նախատեսված։ Համացանցային ագրեսիվ հատվածը մի հարձակում է սկսել, մի բազմահարկ ու տեղատարափ հայհոյանքներ է տեղում կազմակերպիչների գլխին, թե ինչպես կարելի է պաշտպանել այդ մարդասպանին, ու պատրաստ են անգամ գնալ քաղաքացիական բախումների Քոչարյանին սատարողների հետ։ 

Նախ՝ մարտի 1-ի բացահայտումը նոր իշխանությունների համար պատվի ու սկզբունքի խնդիր է, ինչի մասին բազմիս հայտարարել են իշխանավորները՝ երկրի առաջին դեմքից սկսած, անգամ նշել, որ այն ամբողջությամբ բացահայտված է։ Եթե այդպես է, ուրեմն՝ մենք արդեն գիտե՞նք, թե ովքեր են տասը հոգուն սպանողները։ Գուցե տեղյա՞կ ենք, թե ով է կրակելու հրաման տվել, կամ արդեն պա՞րզ է, թե ով է կրակելու հրաման տվողին հրաման տվել։ Փաստերով պարզե՞լ ենք, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր ՊՆ-ի 0038 հրամանի գոյությունից կամ ծանոթ էր նրա ողջ բովանդակությանը։ Հստակ պատկերացնո՞ւմ ենք, թե այդ ամենում որն էր կառավարությունում գործող շտաբի դերակատարությունը, որը ղեկավարում էր այն ժամանակվա վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը։ Անձամբ ես տարբեր տարիներին անդրադարձել եմ այդ խնդրին, իսկ ավելի ամփոփ ու հստակ 20.02.2014-ին իմ ֆեյսբուքյան էջում եմ գրառում կատարել՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է» վերտառությամբ, և հանգամանալից հիմնավորել, թե ինչու եմ նման կարծիքի հանգել։ Այժմ նոր երևան եկած հանգամանքներ ունենք, բայց դեռ դրանք ինձ չեն համոզել, որ իմ այն ժամանակվա կարծիքը սխալ էր։

Բայց չմոռանանք, որ նաև այն տարիներին տեսակետ էր շրջանառվում, որ եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բախման չտաներ, ապա այդ զոհերն ու բազմաթիվ վիրավորները չէինք ունենա։ Այն ժամանակվա իրավապահներն էլ մեզ համոզում էին, թե Փաշինյանի խափանման միջոցը պետք է լինի կալանքը, քանի որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել։ Բայց դա չի խանգարել, որ ես միանամ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը․ 

«Հայկական ժամանակ» օրաթերթ 17.07.2009, «ՄԻԱՑԱՆ ԵՎՍ 9 ՀՈԳԻ» 

Մի շարք ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների կողմից տարածված` «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը երեկ եւս միացել են մի շարք հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ: Նրանք են` (***), «ԴԵՄՊՐՈՍ» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը, (***): Հիշեցնենք, որ սույն հայտարարությամբ ՀՀ իշխանություններին կոչ է արվում «փոխել Փաշինյանի խափանման միջոցը եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում»: Համատեղ հայտարարությունը ստորագրածները նաեւ պատրաստակամություն են հայտնել այդ հարցում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր»:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ես այն ժամանակ քննադատում էի Լևոն Տեր-Պետրոսյանի թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական քայլերը, իսկ Նիկոլ Փաշինյանը նրա կողքին էր կանգնած։ Փաշինյանի ձերբակալվելուց հետո հասարակության մեջ շատ-շատերն էին նրան համարում թե՛ քաղաքականապես, թե՛ իրավական առումով ավարտված մարդ ու չէին ցանկանա իրենց անունը կապել նրա հետ։ Բայց ես գտել եմ, որ Փաշինյանի տեղը բանտը չէր, ավելին, ինչպես երևում է հայտարարությունից, պատրաստ եմ եղել նրա համար երաշխավոր կանգնել, եթե նա թաքնվի իրավապահներից այն դեպքում, երբ Փաշինյանից դա այնքան էլ հեռու չէր․ չէ՞ որ նա մինչ ձերբակալվելը տևական ժամանակ ընդհատակում էր։ Ու ես այն ժամանակ, ունենալով ընտանիք, երկու անչափահաս երեխա, պատրաստ էի նրա փոխարեն գնալ, նստել։ Այն դեպքում, երբ այդ ընթացքում ոչ մի շփում չեմ ունեցել թե՛ նրա և թե՛ իր ընտանիքի անդամների հետ։ 

Ցավոք, Մարտի 1-ը դեռ երկար է շահարկվելու։ Հաջորդներն էլ այս իշխանություններին են մեդադրելու ապացույցները կեղծելու ու դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ, անդրադառնալու են նաև այն թեմային, որ հենց Նիկոլ Փաշինյանն է եղել Մարտի 1-ի պատասխանատուն, որ զոհվածների արյունը հենց նրա ձեռքերի վրա է։
Այսօր, ի սատարումն Նիկոլ Փաշինյանի, մի քանի ժամում ինը հարյուր հազար ստորագրություն կարող են հավաքել, իսկ այն ժամանակ նրա գործընկերներին հազիվ 9 ստորագրություն էր հաջողվում հավաքել։ Վստահ եմ՝ երբ գա Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության, արդյունքում՝ պատասխանատվության ենթարկվելու ժամանակը, ով միանա-չմիանա ստորագրահավաքին, ես ու իմ նման մտածող մարդիկ հաստատ կմիանանք, քանզի ո՛չ երեկ պաշտպանում էինք Փաշինյան անձին, ոչ էլ այսօր Քոչարյան անձին։ Խոսքը սկզբունքի մասին է, որը կա՛մ ունես, կա՛մ ոչ։ 

Ի դեպ, ես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել եմ արմատական ընդդիմադիր ու իմ բազմաթիվ հրապարակային ելույթներից մի քանիսն էլ տեղ են գտել «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը գլխավոր խմբագիրն էր։ Ու նաև ընդամենը վերջերս՝ 19.08.2018, ֆեյսբուքյան գրառմամբ իմ քննադատական խոսքն եմ ասել Քոչարյանի մի ելույթի կապակցությամբ։ Իսկ այսօր, եթե իմ մասնակցությամբ չեմ սատարում կազմակերպված հանրահավաքին, գոնե փորձում եմ սատարել նրան սատարողներին։ 

Ու խնդրում եմ, նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին չէին համարձակվում անգամ իրենց տան ճաշասենյակում երկրորդ կամ երրորդ նախագահներից դժգոհել ու հազիվ խոհանոցում իրենց կանանց ականջին մի երկու բառ շշնջալու համար մի հատ պամպերս տակից էին հագնում, մեկն էլ՝ վրայից, հիմա թող բլբուլ չկտրեն ու փորձեն բոլորի բերանները փակել։

Դուք դժգոհում եք, որ ձեզ ստրկական վիճակում են պահել ու այժմ ի՞նչ եք անում․ դրանից ազատողին կոսմիկական արագությամբ դարձնում եք գերագույն գլխավոր ստրկատե՞ր, այն հույսով, որ մի երկու ստրուկ էլ ձե՞զ բաժին կհասնի։ Ախր շատ եք տանջվել է, բա ունեզրկողներին չունեզրկե՞ք, որ մի քիչ սիրտներդ հովանա։ Իսկ հեչ չեք մտածե՞լ, որ հենց սպանեք ձեր միջի ստրուկին, դրանով իսկ ստրկատիրական կարգերը կվերանան, շատ ավելի լավ հայրենիք կունենանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել