Ընտրություններն ազդարարեցին մեր պետության պատմության ամենաբարդ շրջափուլերից մեկի ավարտը և շատ ավելի կարևոր ընթացքի մեկնարկը: Ժամանակին խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում «ուժեղ առաջնորդի» ինստիտուտի հարթ կենսագործունեության համար «հարմարեցված» Սահմանադրությունը, կառավարման, ընտրական համակարգերը մեծապես նպաստեցին նաև, որպեսզի «հետհեղափոխական» շրջանում ուղիղ ժողովրդավարությամբ ձևավորված իշխանությունն առավելապես անցնցում հաղթահարի անցումային փուլը, իսկ Նիկոլ Փաշինյանը բավական արդյունավետ կերպով կառավարի նաև սեփական թիմը:
Նույն տրամաբանության շրջանակում ռեյտինգային ընտրակարգը բավական արդյունավետ միջոց է արդեն հետընտրական շրջանում երկրի ղեկավարի կողմից իշխանության տարբեր թևերի ձևավորման հարցում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանում թիմակիցների վարքը, նրանց արձանագրած արդյունքները:
Մինչդեռ «Նոր Հայաստանում» արդեն պետության արդյունավետ ընթացքի ապահովման, տարբեր ինստիտուտների կայացման համար պարզապես օրակարգային հրամայական է վերոնշյալ նորմերի փոփոխությունը՝ հետագայում հնարավոր ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար իրավական մեխանիզմներ ձևավորելու առումով:
Շնորհավորանքներս և հաջողության ամենաանկեղծ բարեմաղթանքս ընտրված իշխանությանը՝ հաղթահարելու երկրի առջև ծառացած բազմաթիվ տարաբնույթ խնդիրները, որոնց հանգուցալուծման հետաձգման հնարավորություն այլևս չկա. միանշանակ է՝ նոր իշխանության հաջողությունը պետության և բոլորիս հաջողությունն է, ձախողումը՝ բոլորիս անհաջողությունը։ Ցավոք, այլ տարբերակ այլևս չկա: Յուրաքանչյուրս, մեր տեղում առավել պատասխանատվությամբ գործելով, նպաստենք պետության հաջող ընթացքին: