Սահմանադրական մեծամասնության փորձ Հայաստանն ունեցել է ու տեսել դրա հետևանքները, հետևաբար նոր մեծամասնությունը պետք է շատ արագ նկատի ունենա մի քանի բան։
Հեղափոխություն, իհարկե, հավաքական պահանջ էր, բայց եթե նախկինում հասարակական լայն շերտերի պահանջը միասնական էր ձևակերպված իշխանափոխության պահանջով, ընտրությունից հետո ամեն շերտ կսկսի առանձին կոնկրետ պահանջներ ակնկալել իշխանությունից։
Կարող է տպավորություն ստեղծվել, որ այս ընտրություններով հանրությունը մերժում է ազգային պահպանողական ուժերին (ՀՀԿ,ՀՅԴ) ու նախապատվություն տալիս, այսպես կոչված, պայմանական լիբերալներին։ Սակայն իրականում փոխվել է հանրության ակնկալիքն ազգայինի մատուցման ձևաչափի նկատմամբ։ Սորոսներով և ԼԳԲՏ-ով կուտ տալ այլևս, եթե չասենք անհնարին, ապա դժվար է դառնում։ Ժամանակն է սա պարզապես հասկանալու, որովհետև ավանդական կուսակցությունների պակաս Հայաստանը չունի (Հնչակ, Ռամկավար), ու նրանք կարող են այս իրավիճակում փորձել էլեկտորատի այդ հատվածի հետ աշխատել։
«Իմ քայլն» այս առումով մոտավորապես ստարտային փուլում նման է ՀՀԿ-ին։ Այստեղ նույնպես բավականին խայտաբղետ կազմ կա ներկայացուցչության առումով։ Դա է նաև պահանջում անցումային պետության քաղաքական օրակարգը՝ արտաքին վտանգներ, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ տալ-առնելու ճկունություն և այլն։ Սակայն գոնե էս պահին մեկ կետով գործող իշխանությունն առավելություն է ստանում նախկին վարչակարգի համեմատ։ Ձևական կոալիցիաների առկայություն չկա, Եվրոպաների, Ամերիկաների, ռուսների աչքին թոզ փչելու կարիք չկա, փոքր ախպոր կարիք չկա։ Սա շատ ավելի լավ է, քան կեղծ պոլիտկոռեկտությունը, որովհետև սվաղելու հավանականությունը քչանում է, ու իշխող ուժը կրելու է ամբողջական պատասխանատվությունը, ու հուսանք՝ դաշտը չի խեղի այնպես, որ ինչ-որ իքս պահի սկսի կռիվ տալ ինքն իր դեմ։