
«Ուրֆայում հայերը զոհվել են հերոսական, սակայն անհույս պայքարի արդյունքում։ Ազգը, որը կռվում էր արդարության անունից, որին հավատում էր, և որի զինվորները հերոսաբար մարտնչում էին Կովկասի և Սիրիայի ճակատներում, կարող է արդարացիորեն մերժել իրեն երբեմնի վերագրված վախկոտության մեղադրանքը». Ֆրիտյոֆ Նանսեն
«Ազնի՛վ, - լսվեց Մարիամ Չիլինգարյանի ճչոցը. նա տեսավ, թե ինչպես ընկավ Մովսեսը,- Ազնի՛վ, հետո կվերցնենք Մովսեսին։ Կրակի՛ր։ Թուրքերը մոտենում են։
Եվ չկարողանալով ինքն իրեն զսպել՝ Մարիամ Չիլինգարյանը դուրս եկավ թաքստոցից և նետվեց առաջ։
- Այդ ե՛ս եմ, ձեր Թամերլանը, ձեր մահվան հրեշտակը։ Այստե՛ղ եկեք։
Մարիամ Չիլինգարյանին հետևեցին Ազնիվն ու մյուս աղջիկները, ապա՝ երիտասարդները, որոնք հենց նոր էին զրկվել իրենց հրամանատարից։
Անմիջապես նրանց հետևից օգնության հասավ Թլֆտուրը՝ իր երկու ընկերների և Միաչքանի Սաքոյի հետ։ Անդադար վազվզելով մի ամրոցից մյուսը՝ նա օգնում էր զինվորներին, որոնք ծանր դրության մեջ էին հայտնվում։ Ժամանակ չկորցնելով՝ նա հեռուն էր կրակում և երբեք չէր վրիպում։ Տեսնելով նրան՝ ոգեշնչված Մարիամը ընդառաջ եկավ և սկսեց երգել.
Մահն ամենուր մին է,
Եվ մահը վիճակված է յուրաքանչյուրին...
Երգին միացան նաև մյուս զինվորները։ Աղջիկը ոգևորվեց և հայերին սկսեց նոր ուժ փոխանցել։
- Հարվածի՛ր,- գոչեց Սաքոն,- հարվածի՛ր թշնամիներին, Թամերլա՛ն։
Հանկարծ Միաչքանի Սաքոն մի թուրքի նկատեց՝ ուսերին կարմիր ժապավեններ և ոսկեզօծ ուսադիրներ։ Թուրք սպան բարձրացավ մեծ քարի վրա և, թափահարելով թուրն օդում, գոչեց.
- Գավուրներ քիչ են մնացել։ Հարվածե՛ք նրանց։
Միաչքանի Սաքոն, ով իր դիրքն էր զբաղեցրել տան անկյունում և հետևում էր թուրքերին, քարի հետևում պառկած Հայկին դիմեց ու ասաց.
- Դրան տես։ Կարծես մեծ աքլոր լինի։ Դա, իհարկե, Ֆահրի փաշան չէ, սակայն, հավանաբար, նրա նման մեկն է։ Տեսնո՞ւմ ես դրան։
- Տեսնում եմ։
Սաքոն հանեց իր Մաուզերը և կրակոց արձակեց։
- Ո՞ւր կորավ։ Չկա՛։
- Իսկապես, Աստծու սիրուն։ Ախ դու, Սաքո՛,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը։
Միաչքանի Սաքոն շրջվեց ու իր կողքին տեսավ Հարություն Ռաստկենելյանին։ Վերջինս ևս օգնության էր հասել։
Թուրքերը, կորցնելով իրենց հրամանատարին, վախեցան և դանդաղորեն սկսեցին նահանջել։ Վերջիվերջո, նրանք կրկին իրենց սկզբնական դիրքերը զբաղեցրին»:
Էդուարդ Ավագյան, «Ուրֆայի վերջին ահազանգը»
Ուրֆայի հերոսամարտը շարունակվեց 25 օր։ Դա ազատ ոգի ունեցող մարդկանց ապստամբություն էր, նրանց, ովքեր նախընտրեցին զոհվել՝ զենքը ձեռքերում։