Մի երկու հոգի էլ ընկերներիցս գրել է, թե բա՝ ազգայնական ուժերը չանցան ԱԺ: Սրա հետ էլ կտրականապես համաձայն չեմ: Ու մի քիչ ավելի երկար պիտի գրեմ:
Չեմ էլ խորանում, թե ինչու ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն ազգայնական չեն կարող համարվել, նույնիսկ եթե իրենք իրենց էդպիսին են համարում: Չեմ խորանում նաև Սասնա ծռերի մասով:
Նախ՝ ազգայնականությունը որոշ իմաստով նույնպես զուտ «ինծիլգենտական» երևույթ է (շեշտում եմ՝ որոշ իմաստով միայն): Մեր ժողովոդրի գերակշիռ մեծամասնության համար նման խնդիր չկա այն պարզ պատճառով, որ ինքն այլ բան չի էլ պատկերացնում ազգայինից դուրս, այսինքն՝ ինքը չգիտի էլ, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարա լինի ինչ-որ ուրիշ քաղաքականություն՝ բացի ազգայինից: Մեր ժողովրդի համար հանրային կյանքի ամեն հարց էլ ինքնին ազգային է, կամ գոնե միջավայրը, սահմանը, որի մեջ ընթանում է հանրային կյանքը, ազգայինն է: Արդարության հարցն էլ, սոցիալական հարցն էլ, ցանկացած հանրային հարց էլ: Ինքն իրա քաղաքական կյանքը չի էլ պատկերացնում ինչ-որ այլ եզրաբանությամբ: Իրա համար այն, ինչ տեղի է ունենում հիմա, հենց ազգային է, իրա ազգային իղձերի իրականացումը: Ավելին՝ ամենաազգայինն է, որովհետև՝ բա հայ ազգն է համախմբվել, հո վրացինե՞րը չեն:
Երկրորդ՝ եթե Նիկոլն ազգայնական չէ իրա բնազդով, ապա ի՞նչ է կամ ո՞վ է այդ դեպքում ազգայնականը: Մարդը մեռավ հայ ազգի արյունը, հայ ազգի մեծությունը, համաշխարհային առաքելությունը, ունիկալությունն ու էլի չգիտեմ ինչը վկայակոչելով․ ազգայնականը պոզով-պոչո՞վ է լինում: Մեկը սա կարող է կոչել պոպուլիզմ, դեմագոգիա, չգիտեմ ինչ: Բայց դե, կներեք, եթե ինչ-որ մեկին կարևոր է ազգայնականությունը, ապա հազիվ թե սա պակաս համոզիչ է, քան Գեղամյանի «ազգնայնական գործիչ» լինելը: Հո էդ անտերը պասպորտով չի:
Սա՝ տարերայինի մասին: Հիմա վերադռանանք «պասպորտով»-ին:
Այն, ինչ Հայաստանում այսօր կոչվում է ազգայնական, հիմնականում մնացուկ է սովետահայկական մշակութային, պահպանողական հայրենասիրության, երբ գերխնդիր էր ազգայինի պահպանումը մեծ կայսրության մեջ: Ազգայինն էլ գերազանցապես հասկացվում էր որպես ազգագրական, ավանդական-տնային: Նման մշակութային, ազգագրական ազգայնականությունն անկախ պետության խնդիրներին բացարձակ համարժեք չէ: Իսկ անկախ Հայաստանին համարժեք ազգային մենք չունենք: Դրա հիմնական շեշտը պետք է լինի ոչ թե պահպանումը, այլ զարգացումը, ոչ թե գոյատևումը, այլ ծավալումը: Ոչ թե ազգագրականը, այլ քաղաքականը: Այլ կերպ ասած՝ ժողովրդական տարերային ազգայնականի գիտակցության բերելը: Երբ որ նման ազգայնականություն կլինի, այդ ժամանակ էլ կխոսենք դրա ներկայացված կամ չներկայացված լինելու մասին: