Armenpress.am-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կարևոր է պատկերացում կազմել, թե խորհրդարանում ներկայացված լինելու հավակնող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ մոտեցումներ և ինչ տեսլական ունի Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության, հակամարտության կարգավորման գործընթացի և Արցախի ճակատագրի վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածների համադրական վերլուծությունը թույլ է տալիս ինչպես վեր հանել և համեմատել նրանց մոտեցումները, այնպես էլ առանձնացնել դրանցում առկա ընդհանրությունները:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության։

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «Արցախը ոչ միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրն է, այլ նաև ողջ երկրի անվտանգության հարցերի հարցը», որի հետ կապված իրենք լինելու են անզիջում: Ըստ կուսակցության՝  «չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից, չի՛ կարող լինել միակողմանի զիջում»: Կարևորելով խաղաղությունը կենսական անհրաժեշտությունը հայ ժողովրդի բնականոն զարգացման համար՝ քաղաքական ուժը կտրականապես դեմ է արտահայտվում «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին՝ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը դիտարկելով որպես լայնամասշտաբ պատերազմի հավանականության մեծացման պատճառ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում բավական լայն անդրադարձ կա թե՛ Արցախին, թե՛ հակամարտությանը:  ՔՈ ՍԴԿ-ն Արցախի հարցը չդիտարկելով որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետու­թյան տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն՝ գտնում է, որ «Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991թ․ ԱՊՀ կառույցին ՀՀ առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճա­նաչման Եվրոպական խորհրդի 1991թ․ որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որո­շումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել», ինչից պետք է նրան զրկել: Քաղաքական ուժի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյան­քի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կար­գավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը, ուստի «կուսակցության քա­ղա­քա­կանությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա»։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գտնում է, որ չկա Արցախի հարց. Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Ըստ կուսակցության՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունը այն դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: ՀՅԴ-ն գտնում է, որ «միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»:

Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքներն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով Արցախին բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Բացի այդ, նախընտրական ծրագրում կարևորվում է նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

«Իմ քայլը» դաշինքը գերնպատակ է համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անքակտելիության և միջազգային ճանաչումը ապահովելը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով քաղաքական ուժն առանձնացնում է հետևյալ քայլերը՝ «1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականիրականացում, 2.Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորմանգործընթացում որոշիչ ձայնի ճանաչում և բանակցություններին ներգրավվածությնապահովում, 3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննմանմեխանիզմների ներդրումը, 4. Արցախի բնակչության ֆիզիկական  անվտանգության արտաքինսպառնալիքների չեզոքացում, 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատտեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակում»: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, «Իմ քայլը» դաշինքը կարևոր է համարում պահպանել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացի շրջանակները՝ հիմք ընդունելով ՀՀ միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:

Դաշինքի ծրագրում ամրագրված է նաև, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէտարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չիլինելու            Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը հզոր տնտեսությունն է: Կուսակցությունը սատարում է արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միաժամանակ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը դիտարկելով ՀՀ կարևորագույն առաջնահերթություն։ Այս քաղաքական ուժը կարևորում է նաև «բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներգրավումը՝որպես բանակցային լիիրավ կողմ»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անօրինական է համարում «օտարպետության քաղաքական կուսակցության, այն է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի՝ ԱրցախըՀայաստանից օտարելու 1921թ.-ի հունիսի 5-ի որոշումը»: Կուսակցությունը կարևոր է համարում պատմական արդարությունը վերականգնումը և Արցախը տեսնում է «Հայաստանի հետ միասին՝որպես ունիտար պետություն կամ դաշնային մաս՝ կախված ներքին և արտաքին իրադրությանդասավորումից»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է. «Արցախը հայկական տարածք է թե՛ պատմական, թե՛ փաստացի առումով, և հետևաբար Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ` Արցախում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի դե յուրե միավորում Հայաստանի հետ»: Կուսակցությունը որպես հնարավոր իրավական լուծում առաջարկում է քաղաքացիների նախաձեռնությամբ Արցախում և Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամարտահայտման և ժողովրդավարական գործընթացների արդյունքում։

«Ազգային առաջընթաց»-ը կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնումը, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառումը:

 «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է: Դաշինքը գտնում է, որ «Արցախի Հանրապետությանժողովրդի ինքնորոշման իրավունքի և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացմանիրավունքն անքակտելի է, դրա  իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի և անբեկանելի»: Ըստ դաշինքի՝ Արցախն արժանի է միջազգային ճանաչման, և «եթեճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապեսմիջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը»:

«Մենք» դաշինքը Արցախի խնդրի բանակցային գործընթացը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: Ավելին՝ դաշինքը կարևոր է համարում, որ որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

Նախընտրական ծրագրում դաշինքն առանձին անդրադառնում է նաև Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրման, այդ թվում՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտությանը:

 «Օրինաց երկիր» կուսակցության «50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը» նախընտրական ծրագրում նախատեսվում է «Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում՝ միաժամանակդիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտական, ռազմական և քարոզչական  ագրեսիվգործողություններին»: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը գտնում է, որ «ժամանակն է   որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի մեջ նշված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է»: ԲՀԿ-ն գտնում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա և միայն Արցախի մասնակցությամբ: Ըստ նախընտրական ծրագրի՝ «պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ՀՀ և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը»:

 

Ամփոփելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա դրույթները՝ կարելի է դուրս բերել մի շարք օրինաչափություններ և ընդհանրություններ: Նախևառաջ նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում որպես կողմ՝ Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտությունն ամրագրված է մի շարք ուժերի ծրագրերում: Այդ խնդրին, մասնավորապես, անդրադարձել են՝ «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, «Մենք» դաշինքը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը և ՀՅԴ-ն:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ աճել է այն քաղաքական ուժերի քանակը, որոնք իրենց ծրագրերում ամրագրել են Հայաստանին Արցախի վերամիավորման խնդիրը: Այդ ուժերի թվում են՝ «Ազգային առաջընթաց», Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, Սասնա ծռեր» կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում դա: Հատկանշական է, որ վերջին երկու ուժերը վերամիավորման գաղափարը ներկայացնում են որպես հակամարտության կարգավորման տեսլական, և որևէ անդրադարձ չունեն բանակցային գործընթացին: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ևս կարևորում է Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, սակայն նրա անկախությունը դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: Միևնույն ժամանակ նշենք, որ Արցախի միջազգային ճանաչման խնդրի մասին նշված է «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների նախընտրական ծրագրերում:

Ընտրապայքարում ներգրավված մի շարք ուժեր իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնում են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման խնդրին:  Այս համատեքստում «Մենք» դաշինքը և ՀՅԴ-ն ՀՀ և ԱՀ միջև ռազմաքաղաքական համագործակցության/ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել