Հայտնում եմ անվերապահ զորակցությունս News.am-ի մեր կոլլեգաներին, որովհետև այն, ինչ այսօր արել է ոստիկանությունը, միջինասիական դիկտատուրաներին հատուկ մեթոդիկա է ու եթե հիմա թույլ տանք, որ իշխանությունները մարսեն բռնապետական նմանօրինակ զամաշկաները, վաղը պարզապես կարող ենք մոռանալ առցանց մեդիայի մասին։ Դե, շատ-շատ Հայկական Ժամանակը մնա, մեկ էլ էն հարյուրավոր однодневка կայքերը, որոնք օգտագործում էին թավշյա հեղափոխության օրերին ու դրանից հետո՝ Նիկոլի գովքը անելու համար։

Այն, ինչ ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների հիմնավորում՝ աբսուրդի ժանրից է․ Շարմազանովի ֆեյսբուքյան լայվ տեսանյությում արված հայտարարությունները։ Պատճառաբանությունն էլ՝ թե բա տրամադրեք տեսնայութում հնչող Շարմազանովի խոսքերը հաստատող հավելյան տեղեկություններ։ Դա նույնիսկ ավելի մեծ անհեթեթություն է, քան Ոստիկանության այցը Aysor.am, երբ պահանջել էին հրապարակային ասուլիսի տեսագրություն, որովհետև 6-րդ վարչությունում, ըստ երևույթին, չգիտեն օգտվել Google որոնողական համակարգից։

Ուրեմն, Շարմազանովից հավելյալ տեղեկություններ պահանջել վախենում են, որովհետև նախընտրական քարոզարշավ անող պատգամավորության թեկնածուին նման հարցով ոստիկանություն կանչելը և այլ նմանօրինակ նիկոլական լուծումները հղի են նրանով, որ միջազգային դիտորդական առաքելությունները կարող են ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ թիթեռ նկարեն․․․ թրաշով․․․ զեկույցում։ Տղերքն էլ որոշել են, որ կարող են լրատվամիջոցների վրա այսօրինակ ճնշումներ գործադրեն, հավանաբար՝ խոսքի ազատությունը սահամանափակելու ու ոչ այնքան նիկոլահաճո կոնտենտի հոսքերը սահամանափակելու ակնկալիքով։ Կզակներդ կտեսնեք, բայց այս տրյուկը չեք տեսնի։

Ես՝ որպես BlogNews.am-ի գլխավոր խմբագիր, վերապահումով եմ մոտենում Live հեռարձակումներին՝ կայքում վերահրապարակելուն, որովհետև ֆորմատային տեսանկյունից դա միշտ չէ նպատակահարմար։ Օրինակ՝ իմ սեփական Live-երն էլ երբեք չեն վերահրապարակվել կայքում, բայց ի նշան զորակցության, այսօրվանից մենք կսկսենք նաև լայվեր հրապարակել ու միանգամից ասեմ, որ մեզ մոտ գալը իմաստ չունի, քանի որ ոչ մի հավելյալ տեղեկություններ չունենք դրանց մեջ հնչելիք և ոչ մի մտքի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել