«Մենք մարդկանց հնարավորություն ենք տվել գոնե իրենց հարազատներին քրիստոնեաբար թաղելու»,- ասում է բրիտանացի փրկիչ Ռեջի Բերին՝ նայելով Սպիտակի գերեզմանոցի գերեզմանաքարերին: 30 տարի առաջ նա հրշեջ ընկերների հետ եկավ Հայաստան, որպեսզի փրկի մարդկանց: Սակայն նրանց «բաժին էին մնացել» միայն մարմիններ: Շատ մարմիններ:
Սպիտակի բլուրի գերեզմանոցում գերեզմանը գերեզմանի վրա է, ընտանիքը՝ ընտանիքի, մահվան նույն տարեթվով՝ 1988 թ. դեկտեմբերի 7՝ օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Շատ գերեզմանաքարերի տակ թաղված են այն մարդիկ, ում մարմիններն ավերակների տակից գտել է Ռեջի Բերին:
1988-ի դեկտեմբերի 7-ին Խորհրդային Միությանն օգնության հասան տարբեր արևմտյան երկրների փրկարար ջոկատներ: Դրանց թվում էին նաև անգլիական Լանկաշիր կոմսության 23 հրշեջ:
Այդ ջոկատի երկու անդամ՝ հրամանատար Փոլ Բյորնսն ու հրշեջ Ռեջի Բերին, BBC-ի և Հայաստանի հանրային ռադիոյի թղթակիցների հետ միասին 30 տարի անց կրկին Սպիտակում են:
1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից 19 րոպե առաջ, սարսափելի ստորգետնյա հարվածն ավիրեց Սպիտակ քաղաքն ու Հայաստանի հյուսիսում գտնվող մի քանի այլ քաղաքների հազարավոր շինություններ: Երկրաշարժի արդյունքում զոհվեց ավելի քան 25 հազար մարդ Սպիտակում, Կիրովականում (ներկայիս՝ Վանաձոր), Լենինականում (ներկայիս՝ Գյումրի), Ստեփանավանում և շրջանի այլ քաղաքներում ու գյուղերում:
ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը երկրաշարժի պահին հատուկ այցով ԱՄՆ-ում էր, և հենց այնտեղ էլ դիմեց արևմտյան երկրներին՝ օգնության հասնելու Հայաստանին: «Կատարելապես արտասովոր մի բան էր այն, որ Գորբաչովը միջազգային օգնության դիմեց, որ արևմտյան փրկիչներին հրավիրեց ԽՍՀՄ: Ես կարծում եմ, որ տեղի բնակիչները ևս զարմացել էին արևմտյան փրկիչներին իրենց երկրում տեսնելով»,- հիշում է Փոլ Գյորնսը:
Իռլանդացի Բյորնսը և նրա անգլիացի ընկերները հավաքվեցին երկու օրում: Հատուկ հանդերձանք, իհարկե, նրանք ունեին: Սնունդ, վերարկուներ, տաք ներքնազգեստ, գուլպաներ ու քնապարկեր առաջին իսկ խնդրանքից հետո նրանց տրամադրեցին Սառը պատերազմում ԽՍՀՄ հակառակորդ մեկ այլ երկրի ներկայացուցիչները՝ Լիվերպուլի Բյորտոնվուդ բազայի ամերիկացի զինվորները:
Բրիտանացի փրկարար Ռեջի Բերի
Խորհրդային դեսպանությունը լոնդոնյան օդանավակայանում սեղանիկ էր տեղադրել, որպեսզի փրկիչներին արագորեն վիզա տրամադրվեր:
Սակայն մինչև Սպիտակ ճանապարհը երեք օր տևեց, մասամբ՝ առաջացած խառնաշփոթից (հանդերձանքով ուղեբեռը մեկ օրով կորել էր Շերեմետևոյում), մասամբ՝ մարդկանց ու տեխնիկայի հսկայական քանակից, որն ուղղվում էր դեպի Հայաստան:
«Իհարկե, մենք գնում էինք մարդկանց փրկելու: Սակայն երբ հասանք, պարզ դարձավ, որ երկրաշարժի ուժի ուշանալու պատճառով մեր փրկարարական օպերացիան վերածվելու էր դիեր փնտրելու օպերացիայի», - ասում է Բերին:
Երկրաշարժին հաջորդող մի քանի օրերի ընթացքում Սպիտակում խիստ բուք էր, և բրիտանացիները հրաշալիորեն գիտակցում էին, որ եթե անգամ փլատակների տակ մարդիկ կան մնացած, ապա նրանց շանսերը՝ հինգ օր առանց ջերմության ապրած լինելու, չափազանց քիչ են:
Սպիտակի մարզադաշտը երկրաշարժից հետո
«Սակայն հույսը վերջինն է մահանում: Եղել են դեպքեր, երբ մարդկանց փլատակների տակից ողջ են գտել 24 օր անց… Այդ պատճառով յուրաքանչյուրը հավատում է, որ իր հարազատներին անպայման դուրս կբերեն»,- ասում է Փոլ Բյորնսը, ով մինչ դա աշխատել է 1980 թ. Տալիայի երկրաշարժի ժամանակ:
«Մենք ընկճված ու հիասթափված էինք,- խոստովանում է Բերին:- Այո, ինչ-որ փոքր հույս կար… Սակայն ոչ ոք չէր ցանկանում դիեր գտնել, այդպես չէ՞»: Հենց դրանով էլ փրկարարները պարտավոր էին զբաղվել…
«Կանգնում ես և շուրջդ տեսնում փլատակների ծով, իսկ դրանց մեջ՝ փրկվածների փոքրիկ խմբեր, որոնք այս ու այն կողմ են թափառում: Այդ մարդիկ մոտենում էին ինձ և ցույց տալիս հարազատների լուսանկարները, ցույց էին տալիս, թե որտեղ կարող են նրանք լինել»:
Բրիտանացի փրկարարների վրանները
Բրիտանացիներն առավել լավ հիշում են, թե ինչքան ուժեղ ու արժանապատիվ էին իրենց պահում շատ սպիտակցիներ, որոնց հարազատներին փորձում էին դուրս բերել փլատակների տակից:
Քաղաքի մի հատվածում՝ բանկի դիմաց, մարդիկ երկար հերթ էին կանգնել, և շենքն ընկել է ուղիղ նրանց վրա: Բրիտանացիները մեկը մյուսի հետևից դուրս են բերել հերթում գտնվող մարդկանց մարմիններն ու թաղել են նրանց: Նրանց աշխատանքին հետևել է մի աղջնակ՝ կանգնած ավերակների վրա:
«Մենք վերջացրինք գիշերը՝ ժամը 2-3-ին: Աղջնակը մոտեցավ ինձ և հարցրեց՝ արդյոք իմ հրշեջները կարո՞ղ են նրա համար բացել գերեզմանները, քանի որ նա մորն է փնտրում»,- հիշում է Բյորնսը: «Եվ երրորդ կամ չորրորդ գերեզմանում նա գտավ մոր մարմինը: Տարեց կին էր՝ պայուսակը ձեռքին: Եվ աղջնակը հերթով գրկեց բոլոր հրշեջներին, բոլորին շնորհակալություն հայտնեց. նրա ուժն անգամ դրան բավականեցրեց»:
Երկու տարեց մարդ՝ անգլիացի երկու հրշեջ, այսօր շրջում են Սպիտակում և փորձում են գտնել այն վայրերը, որտեղ աշխատել են 30 տարի առաջ: Դժվար է, սակայն նրանց մոտ դա ստացվում է:
«Ահա այն անկյունում,- խաչմերուկին կանգնած՝ պատմում է Ռեջի Բերին,- այնտեղ բազմահարկ շենք կար, իսկ նկուղում մանկական հաստատություն էր»:
Երկրաշարժի ժամանակ մի կին ողջ օրվա ընթացքում նստած էր հրշեջների կողքին՝ հետևելով նրանց աշխատանքին: Կնոջ որդուն այդպես էլ չգտան, սակայն նա, միևնույն է, հրշեջներին երկու տարա կոմպոտ տվեց՝ ասելով. «Սա ամենն է, ինչ ես ունեմ: Շնորհակալ եմ, որ փորձեցիք օգնել ինձ»:
«Այստեղ դաշտային հիվանդանոցն էր, ուղղաթիռների հրապարակը, իսկ ողջ շրջակայքում՝ գերեզմաններ», - Փոլ Բյորնսը ձեռքով ցույց է տալիս Սպիտակի ծայրում գտնվող մարզադաշտը, որտեղ մինչ երկրաշարժը մարզադաշտ էր: Գերեզմաններ կային ոչ միայն համալիրում, այլև ամենուր: Փրկարարներն անգամ ճաշում էին՝ նստած գերեզմանների վրա:
«Դա անարգանք էր զոհվածների նկատմամբ,- բացատրում են բրիտանացիները,- և անգամ դժոխքում նման բան չէին անի: Պարզապես նստելու տեղ այլևս չկար…»:
Սակայն կան հիշողություններ, որոնք առավել սարսափելի են, քան գերեզմանի վրա ճաշելը:
«Նա մսագործ էր,- հիշում է Փոլը, - այսինքն՝ ավելի ուշ պարզ դարձավ, որ մսագործ էր: Նրա հարազատները հավաքվել էին շուրջս: Ցանկանում էին յուրաքանչյուր գնով ստանալ հարազատի մարմինը»:
«Ես սա կհիշեմ մինչև կյանքիս վերջ,- ընդհատում է Ռեջին,- շատ ծանր բետոնների փունջն ընկել էր նրա վրա: Գլխի վերին հատվածն այլևս չկար: Մենք ոչ մի կերպ չէինք կարող մարմինն ամբողջովին դուրս բերել: Հարազատները ցանկանում էին ստանալ մնացորդները: Եվ մենք որոշեցինք… Ուղիղ ասե՞մ… Ես կոտրեցի ողջ մարմինը բահով: Ձեռքերով դուրս բերեցինք կոտրված մարմինն ու այն, ինչը մնացել էր գլխից, դրեցինք գերեզմանի մեջ: Եվ նրա հարազատները… Նրա հարազատները շնորհակալ էին մեզ: Նրանք ցանկանում էին թաղել իրենց հարազատի մնացորդները քրիստոնեաբար: Նրանք շնորհակալություն էին հայտնում ինձ, ի՛նձ, ով մի քանի րոպե առաջ նրանց պապին կամ հորը «կոտրել» էր բահով…»։
Հատուկ վտանգ էին ներկայացնում կրկնվող ցնցումները, որոնցից մի քանիսն այնքան ուժգին էին, որ ևս ավիրում էին:
Կանգնած այն շենքի կողքի խաչմերուկին, որի նկուղում մանկապարտեզ կամ երաժշտական դպրոց էր գործել, Փոլը հիշում է, որ շենքի մի մասը փլուզվեց, իսկ մյուս մասը կանգուն մնաց:
«Մենք մտածում էինք, որ հիմա կմահանանք»:
Ծնողները խնդրում էին դուրս բերել իրենց երեխաներին: Երեխաների մարմինները:
«Ես գործընկերոջս հետ հասա հեռավոր ավերակների,- հիշում է Փոլը,- և այն պահին, երբ մենք, պառկած փլատակների մեջ, դեմք-դեմքի, սաղավարտ-սաղավարտի քննարկում էինք, թե որտեղ կարող են լինել երեխաները, ուժեղագույն ցնցում սկսվեց: Մենք լուռ էինք, և երկուսս էլ նույնն էինք մտածում. հիմա կզոհվենք: Պարզապես կզոհվենք և վերջ»:
Սակայն նրանց բախտը բերեց: Այդ դեպքից ի վեր Բյորնսը որոշեց «բաց երկնքի քաղաքականություն վարել»՝ չաշխատել ավերակների ու փլատակների տակ:
Սպիտակում բրիտանացի ընկերներին հանդիպեց Սամվել Մաթոսյանը: Այժմ նա տեղի Մշակույթի տան տնօրենն է, իսկ 30 տարի առաջ դպրոցներից մեկի տնօրենն էր:
Երկրաշարժի պահին Սամվելն իր գրասենյակում էր, գլուխն ու ձեռքերը մնացել էին փլատակների տակ, ձեռքը կոտրվել էր, սակայն նա ողջ է մնացել: Արթնանալով՝ ինքնուրույն ազատվել է, դուրս է եկել փլատակների տակից ու բոլորի հետ միասին զբաղվել է փրկարարական աշխատանքներով, իսկ հինգ կամ վեց օր անց ծանոթացել է բրիտանացիների հետ:
Սամվելը հիշում է, որ պատահաբար մտել է քաղաքի կենտրոնական շտաբ և հենց այնտեղ՝ կուսակցական առաջնորդ Նորայր Մուրադյանի մոտ էլ հանդիպել է բրիտանացիներին:
«Նա կանչել էր ինձ և ասաց՝ դու տնօրեն ես, ուսուցիչ, գիտես՝ որտեղ են գտնվում բոլոր դպրոցները: Ուղեկցիր այս ջոկատին, որպեսզի նրանք որոնողական աշխատանքներ իրականացնեն»: Եվ Սամվելը ուղեկցեց բրիտանացիներին դպրոցների ու մանկապարտեզների փլատակների մեջ՝ փնտրելու երեխաների մարմիններ:
Ավելի ուշ բրիտանացի հրշեջները Սպիտակ բերեցին մարդասիրական օգնություն, տնակներ (այդ տնակներում ապրում են մինչ օրս), գումար, որը հավաքել էր Մանչեսթերի հայկական համայնքը: Սամվելն անգամ մի անգամ գնացել է Անգլիա՝ իր նոր ընկերներին հյուր:
Սակայն շատ տարիներ են արդեն անցել, և Սամվելը շատ-շատ ուրախ է, որ Փոլն ու Ռեջին, որոնք այժմ համապատասխանաբար 75 և 69 տարեկան են, կարողացել են ևս մեկ անգամ Սպիտակ այցելել:
Սպիտակում բրիտանացիներին ուղեկցում է նաև մոսկվացի Գեորգի Շաբադը:
Այժմ նա ոչ երիտասարդ բիզնեսմեն է, իսկ այն ժամանակ 19-ամյա ուսանող-մաթեմատիկոս էր, ով հազարավոր խորհրդային ուսանող-կամավորների հետ միասին ուղևորվել էր Սպիտակ՝ օգնելու երկրաշարժից տուժածներին:
Սկզբում Գեորգին աշխատում էր վերոնշյալ մարզադաշտում, սակայն մի օր անց նրան հեռացրին այնտեղից, քանի որ, ինչպես ինքն է ասում, 24 ժամից ավելի նման հոգեբանական կործանարար աշխատանք իրականացնել չէր թույլատրվում:
Գեորգին, ով լավ էր տիրապետում անգլերենին, ճամբարային տարածք էր գտել բրիտանացիների համար և դարձել էր նրանց թարգմանիչը:
«Երևի թե ճիշտ էր մեր որոշումը՝ Սպիտակ գալու: Չգիտեմ՝ ինչքանով ենք կարողացել օգնել, սակայն, ամեն դեպքում, կա զգացողություն, որ եթե մնայինք տանը, կզղջայինք,- Հանրային ռադիոյի թղթակցի հետ զրույցում նշում է Գեորգին։- Մենք դա նաև մեզ համար ենք արել: Օգնելով մյուսներին՝ օգնում ես ինքդ քեզ: Ես հիմա զգում եմ, որ իսկապես ճիշտ էր իմ՝ այստեղ գտնվելը:
Բրիտանացիները հայերին օգնել են ոչ միայն փրկարարական աշխատանքներ իրականացնելով, այլև ավելի ուշ բազմաթիվ տնակներ ու այլ նվերներ են ուղարկել:
Նրանք՝ պրոֆեսիոնալ փրկարարները, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի և այլ երկրների իրենց գործընկերների հետ միասին, սկզբում միայն իրենց օրինակով, ապա՝ սարքավորումներով և ուսուցման կազմակերպմամբ օգնեցին ստեղծել Հայաստանում բարձրմասնագիտական կամավորական-փրկարարական ջոկատներ:
Մովսես Պողոսյանն այսօր ղեկավարում է գերմանական Կարմիր խաչի ներկայացուցչությունը Հայաստանում, իսկ 1988-ի դեկտեմբերին նա 33-ամյա գիտնական-ֆիզիկոս էր Երևանից: Երբ սկսվեց երկրաշարժը, Մովսեսը, ինչպես և շատ այլք, վեր է կացել և եկել Լենինական՝ մարդկանց փրկելու:
«Երեք-չորս օր անց մենք նկատեցինք, որ կողքից ինչ-որ մեկն աշխատում է առավել կոկիկ ու կազմակերպված, քան մենք: Կոկիկ հագնված: Լավ «զինված». ուներ և՛ լապտերներ, և՛ շշեր, և՛ լիցքավորիչներ, և՛ վրաններ… Դրանք օտարերկրացի փրկարարներն էին՝ Շվեյցարիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայից և Ճապոնիայից: Նրանք կարծես իրենց հերթական աշխատանքը կատարեին: Ոչ մի խուճապ, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունեցել»,- հիշում է Մովսեսը:
«Մենք հերոսաբար շտապեցինք այնտեղ, որպեսզի օգնենք, սակայն մենք խանգարում էինք մյուսներին: Մենք ճանապարհներին խցանումներ էինք ստեղծել, և վիրավորները մահանում էին մեքենաներում: Մենք անգամ չգիտեինք, թե ինչ է ջախջախման սինդրոմը. մենք չգիտեինք, որ չի կարելի մարդուն միանգամից դուրս հանել փլատակների տակից, եթե կոտրված է նրա վերջույթը, հարկավոր է լարան դնել, այլապես նա կմահանա: Մենք նման պարզ բաները չգիտեինք:
Ավելին՝ երկրաշարժը ցույց տվեց, որ անգամ պաշտոնական խորհրդային կառույցները պատրաստ չէին նման աղետների:
Մենք պատրաստ էինք պատերազմի, սակայն նման աղետի դեպքում այն ուժերը, որոնք պետք է առաջինը արձագանքեին, կապիտուլացվել էին, քանի որ քաղաքացիական պաշտպանության շատ ծառայողներ անհապաղ մտնում էին տներ՝ ստուգելու, թե ինչ է մնացել այնտեղ: Իսկ նման այլ կազմակերպություններ մենք չունեինք»,- բացատրում է Պողոսյանը:
Փոլ Բյորնսը շատ է գովում խորհրդային զինվորականներին այն բանի համար, որ նրանք օպերացիա կազմակերպեցին Հայաստանում, որի արդյունքում վիրավորներին արագորեն տեղափոխեցին Մոսկվայի և այլ քաղաքների հիվանդանոցներ:
Սակայն Մովսես Պողոսյանն ասում է. «Այո՛, զինվորականները հստակ կառուցվածք ունեին ու բազմաթիվ աշխատող ձեռքեր, տեխնիկայի ծով՝ բուլդոզերներ, վերամբարձ կռունկներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ, սակայն պրոֆեսիոնալ քաղաքացիական փրկարարների հետ նրանց ունեցած տարբերությունն այն էր, որ վերջիններս վարժված էին հենց մարդկանց փրկելու գործում:
Արդեն 1989-ի հունվարին երիտասարդ հայ մտավորականները որոեցին հիմնել առաջին փրկարար-կամավորական ջոկատը: Այն անվանեցին «Սպիտակ», իսկ ջոկատի առաջին հրամանատարը դարձավ Մովսես Պողոսյանը:
Այժմ Հայաստանում նման ջոկատները մի քանիսն են, որոնցից բոլորն էլ վերապատրաստված են և հագեցած, և այս գործում թեկուզ փոքրիկ, բայց իր դերն է ունեցել նաև Փոլ Բյորնսը, ով 90-ականների կեսերին Պողոսյանի խնդրանքով Հայաստան բերեց խիստ ծխի պայմաններում աշխատելու համար նախատեսված 20 կոստյում և ջրի տակ մարդկանց փրկելու համար նախատեսված 10 կոստյում, ինչպես նաև այս կոստյումներով մի քանի դասընթաց կազմակերպեց:
Երկրաշարժից հետո՝ 90-ականներին, Փոլը գործընկերների հետ միասին Հայաստան եկավ և ևս 12 անգամ տարատեսակ օգնություն ուղարկեց:
Սակայն չնայած գերմանացիների, ֆրանսիացիների և բրիտանացիների օգնությունը շատ կարևոր էր և անհրաժեշտ, 1988-ին արևմտյան հարյուրավոր փրկարարների այցը Հայաստան, ըստ Մովսես Պողոսյանի, ամենակարևորն էր:
«Այդ երկրաշարժը հարվածեց ոչ միայն մեր երկրին՝ Հայաստանին: Այն հարվածեց «երկաթե վարագույրին»- նշում է Պողոսյանը։- Մենք պարզեցինք, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի մարդիկ նույնպես մեզ նման «մարդիկ են», նույնպես ցավ են զգում, նրանց արցունքները նույն տեսքն ունեն, ինչպես և մերը: Այս երկրաշարժը կոտրեց մեր մտածողությունը, մեր վստահությունն առ այն, որ «երկաթե վարագույրի» հետևում թշնամիներ են կանգնած»: