Armenpress.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 30-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիսավոր արարողությանը մասնակցեցին գյուղի բնակիչները, Գեղամասար համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ: Բացելով միջոցառումը՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը շնորհավորեց Արեգունու բնակչությանը՝ մաղթելով հազարամյակների տեւական ու խաղաղ ընթացք, նորանոր հաջողություններ:

«Սիրելի հայրենակիցներ, բոլորեց երեսուն տարին, ինչ ձեր շնորհիվ վերաբնակեցվեց ու վերահայացավ Արեգունի գյուղը: Մեր երեխաներն ու երիտասարդները ծնվել ու հասակ են առել Արեգունիում, սակայն, համոզված եմ, իրենց հայրերի ու պապերի միջոցով լավ գիտեն իրենց ընտանիքների անցյալը, հեռվում թողած հայրենիքի մասին: Դժվարությամբ լի էին բռնագաղթն ու դրան հաջորդած տարիները, սակայն դուք տոկացիք, դիմացաք բոլոր նեղություններին ու կազմակերպեցիք այս նոր համայնքի կյանքը, որը գնալով զարգացում է ապրում: Այս հողի վրա արդեն սերունդ է աճել, որը եւ շարունակում է հուսալիորեն կերտել հայրենի գյուղի ապագան: Թող այլեւս հայ ազգը ցեղասպանություն ու բռնագաղթ չտեսնի, իսկ Արեգունին միշտ հայտնի դառնա մեր երիտասարդների, մեր երեխաների տաղանդի շնորհիվ: Թող Արեգունին այսպիսի պայծառ տրամադրության մեջ ապրի հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում»,-շնորհավորանքի խոսքում նշեց համայնքի ղեկավարը: Արեգունու բնակչությանը ողջունեց եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական խոսքը փոխանցեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: «Սիրելի հայրենակիցներ,1988 թվականի ազատաշունչ փետրվարը հիմնովին փոխեց մեր պատմության ընթացքը՝ ադրբեջանական բռնատիրության դեմ պայքարի հանելով արցախահայությանը: Մեր պայքարը սկսվեց ամենախաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը մեզ պատասխանեց սումգայիթյան եղեռնագործությամբ, ողջ երկրով մեկ գրոհի անցավ հայ բնակչության դեմ՝ սանձազերծելով նոր եղեռնագործություններ ու բռնի տեղահանություններ: Դուք մի փրկված բեկորն եք կազմում այդ զազրելի ցեղասպանության, ջարդի ու բռնի տեղահանման, որի հաղթահարման համար ստիպված եղաք անցնել ամենածանր փորձությունների ու տառապանքների միջով: Հրեշավոր ցեղասպանությունից փրկվելով ու մայր հայրենիքում հաստատվելով՝ դուք կատարեցիք պատմական մեկ այլ կարեւոր առաքելություն՝ վերահայացնելով Սեւանա լճի հյուսիսարեւելյան ափը, որտեղ դեռ երեք տասնամյակ առաջ ամուր նստած էր թյուրքալեզու բնակչությունը: Այո, ամենեւին էլ հեշտ չէր դիմակայել նման փորձությանը, թողնել տուն, սրբացած շիրիմներ ու ամեն ինչ սկսել ունեզրկվածի, բռնագաղթվածի կարգավիճակով: Բայց դուք տոկացիք այդ պայքարում, ստեղծեցիք ձեր աշխարհը, կերտեցիք ձեր համայնքը, նոր բույն շինեցիք, զավակներ ծնեցիք, հող հերկեցիք, հոգի ու շունչ, կորով ու հայկականություն հաղորդեցիք մեր բազմաչարչար, բայց սրբացած հողին: Դուք նվիրումով մասնակցեցիք Արցախյան գոյամարտին, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, բանակաշինությանը, հայրենաշինությանը: Ձեր զավակներն ամրացել ու հասակ են նետել այս հողում, ստացել ուսում ու մասնագիտություն՝ այլեւս իրենցը համարելով հայրենի այս եզերքը: Տարիների ընթացքում ամոքվել են ձեր վերքերը, դուք կարողացել եք գտնել արարման հաստատուն ընթացքը: Ճիշտ է, դեռ սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության շատ հարցեր Արեգունիում սպասում են իրենց լուծմանը, սակայն հիմնական ձեռքբերումն այս համայնքի կայացումն է անցած 30 տարիների ընթացքում, որի ծաղկմանն ու զարգացմանն այլեւս անհնար է կասկածել:

Ի խորոց սրտի թույլ տվեք շնորհավորել բոլորիս Արեգունի գյուղի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ, ցանկանալ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, անսպառ հաջողություններ, լուսավոր գալիքներ: Նոր Հայաստանում մենք միասին ենք լծվել արարչագործությանը, միասին էլ մեր հայրենիքը կուղղորդենք դեպի լուսավոր ու երջանիկ հորիզոններ»,-ասված է Գեղարքունիքի մարզպետի ուղերձում: Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը ներկայացրեց գյուղի հիմնադիրներին, գյուղական խորհրդի ու գյուղապետարանի աշխատակիցներին, մանկավարժներին, հողագործներին, մեխանիզատորներին, անասնապահներին, ազատամարտիկներին, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին: «Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր հիմնադրեցին Արեգունին, բայց չկարողացան տեսնել այս հիշարժան օրը: Նրանք տունուտեղ կորցրած, գաղթի ու բռնության սարսափներն ապրած մարդիկ էին, որ մեր նոր հայրենիքում քարը քարին դրեցին ու ստեղծեցին իրենց նոր օջախները:

Սակայն այսօր ապրում ու արարում են նրանց սերունդները: Ֆերմայի վարիչ Հրաչ Խաչատրյանը, գլխավոր հաշվապահ Վլադիմիր Դալլաքյանը, գյուղատնտես Միքայել Մարտիրոսյանը, ինժեներ-մեխանիկ Սիմոն Խաչատրյանը եւ այլոք նշանակալի հետք թողեցին Արեգունու հիմնադրման գործում: Մենք առանձնակի ակնածանքով ենք հիշում մեր համագյուղացի Գոռ Հակոբյանին, ով 1992 թվականին քաջի մահով ընկավ Վահան գյուղի ինքնապաշտպանական դիրքերում, եւ Հարություն Աբրահամյանին, ով զոհվեց 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում: Արցախյան գոյամարտին եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցել են նույն Հարություն Աբրահամյանի հայր Հովհաննես Աբրահամյանը, Անատոլի Խանիեւը, Ռիտա Դանիելյանը, Սիմոն Դաշյանը, Հովհաննես Ալահվերդյանը, Արզուման Աբաջյանը, Սիմոն Խաչատրյանը, Գարիկ Օհանջանյանը, Գեղամ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խանիեւը եւ այլոք, ովքեր կռեցին մեր պատմական հաղթանակները: Արեգունին Հայոց բանակի շարքերում այժմ ունի 5 ժամկետային եւ 11 պայմանագրային զինծառայողներ, ովքեր ապահովում են մեր հայրենիքի խաղաղությունը:

Անցած 30 տարում Արեգունու միջնակարգ դպրոցը տվել է 112 շրջանավարտ, որոնցից 27-ը ստացել են բարձրագույն կրթություն: Մեր երիտասարդ սերունդն ամրացել է այս հողի վրա ու վճռականորեն ծաղկեցնում ու շենացնում է Արեգունին: Այո, անցած 30 տարիների ընթացքում մենք համատեղ ուժերով պատմություն ենք կերտել, որը կշարունակեն մեր հաջորդ սերունդները»,-ներկայացրեց Սոս Հովհաննիսյանը: Հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան Արեգունու միջնակարգ դպրոցի աշակերտները: Այնուհետեւ համայնքապետարանի շենքում խնջույքի սեղանի շուրջ միմյանց շնորհավորեցին Արեգունու բոլոր բնակիչները: 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Արեգունիում բնակվում է 383 բնակիչ՝ 120 տնտեսությամբ: Տարեկան այստեղ գրանցվում է 3-5 բնակիչ:Արեգունին կազմավորվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքներից, 1988 թվականի դեկտեմբերին: Հետագա տարիներին այստեղ բնակություն են հաստատել նաեւ Հայաստանի այլ շրջաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել