Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցի քննարկումը հետաձգելու առնչությամբ որևէ մեկին որևէ խնդրանքով կամ առաջարկով չի դիմել, և առնվազն տարօրինակ է ռուսական կողմի այդ հայտարարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  
Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է բանակցել իր թեկնածուի շուրջ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարության մասին Վլադիմիր Պուտինի հետ չի խոսելու, քանի որ ռուս գործընկերոջ հետ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու:  

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ, նույնիսկ երկրորդական է, հանդիպումներին շատ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների պարտավորությունների կատարման հարցը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների առջև»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ երեկոյան մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակում կլինեն նաև ոչ ֆորմալ շփումներ:

Ն. Փաշինյանն ասաց, որ Պուտինի հետ հնարավոր է քննարկվի նաև գազի գնի հարցը՝ ընդգծելով, որ այդ առումով կառավարության ցանկությունը պարզ է, մնում է համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ:

Հարցին, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում, նա նշեց. «Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, քանի որ մեզ մեղադրում են, որ մենք Արցախի հարցում դավադրությունների մեջ ենք, թող ԱԱԾ-ն նրանց կանչի, պարզի և միջոցներ ձեռնարկի մեր նկատմամբ, բայց եթե պարզվի՝ սուտ է, ուրեմն՝ այդ մարդիկ ստախոս են, ընդ որում՝ էժանագին»:

Հիշեցնենք, որ Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով։

«Աստանայում կայացած նախորդ հանդիպմանն առաջնորդները պայմանավորվել են դեկտեմբերի 6-ին հանդիպում անցկացնելու մասին, սակայն հետո որոշել են չանցկացնել ՀԱՊԿ նիստը՝ հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որի համար պատճառ է հանդիսացել երկրում նախընտրական քարոզարշավի անցկացումն ու դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները»,- ասել էր Ուշակովը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել