ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Պատճառը ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնությունն է։ Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, հետո նոր՝ հավաքվել։

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը, իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ 2020 թ․-ին այն լրանում, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվի այբբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացուցիչը։ Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական «լեզվակռիվը», որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին, սակայն այժմ էլ պարզվեց, որ այն կրկին հետաձգվում է։

Դեռ նոյեմբերի 7-ին «Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Մոսկվան կարող է նախընտրել
ոչ-ոքի տարբերակը» վերլուծության մեջ ես կանխատեսել էի, որ Պուտինը կնախընտրի ոչ-ոքի տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին։

Այդպիսով Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց։ Նախ՝ Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ չհամաձայնեցված քայլի համար պատժեց Երևանին՝ չկատարելով Փաշինյանի ցանկությունը, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ․ ղեկավարի կառույցը։ Ցույց տվեց նույն Փաշինյանին, որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանել հակահայկական իրենց ծրագիրը։ Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ «լավություն» արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով, որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վարկանիշի վրա։

Չի բացառվում, որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում, և ամեն մեկն իր դերը կատարելով՝ Բելառուսը և Ղազախստանը՝ չուզողների, իսկ ՌԴ-ն էլ՝ հաշտարարի, հասան նրան, որ Խաչատուրովի փոխարեն «թավշյա» Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Հիշեցնեմ, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՄ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ։

ՀԳ. Հետաքրքիր է, իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել