ԱՄՆ նախագահի վարչակազմի երեք պաշտոնյաների՝ առողջապահության, առևտրի և ֆինանսների նախարարությունների ղեկավարների եկամուտների զգալի մասը գոյացել է անցյալ տարի կատարված ակտիվների վաճառքի հաշվին, որոնցից քաղաքական գործիչները «ազատվել» են շահերի բախումից խուսափելու համար:

Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ վարչակազմի անդամներից ամենաշատը վաստակել էին կրթության նախարար Բեթսի Դեվոսը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով քաղաքական գործիչների հարկային դեկլարացիաներին:

Դեվոսի և նրա ամուսնու եկամուտը 2017թ.-ին կազմել է 59.4մլն դոլար, Ռոսն աշխատել է՝ 47 մլն, իսկ Մնուչինը` 41.6 մլն դոլար:

Այսպիսով, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի երեք նախարարների միասնական եկամուտը անցյալ տարի կազմել է մոտավորապես 150մլն դոլար:

Politico-ն նշում է, որ գերատեսչությունների ղեկավարների եկամուտների զգալի մասն առաջացել է շահերի բախումից խուսափելու համար կատարած ակտիվների վաճառքից: Բացի այդ, քաղաքական գործիչների համար շահույթի աղբյուր են հանդիսացել նաև դիվիդենտներն ու հաշիվներից ստացվող տոկոսները:

Թրամփի հակառակորդները քննադատում էին նրա բիզնես լեդի Դեվոսին, բանկիրներ Մնուչինին և Ռոսին նախարարությունների ղեկավարներ նշանակելու որոշումը: Ի պատասխան Թրամփն ընդգծել էր, որ նրանք փողի համար չեն եկել կառավարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել