Ընկերներ ջան,
Օգտվեմ առիթից, որ անցած օրվա ընթացքում ոչ ոքի ասֆալտի վրա չեն ֆռել, և խոսեմ մեր ազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկից՝ հայրենադարձությունից։
Անկախությունից ի վեր Հայաստանը լքել է Հայաստանի մոտ 1,4 միլիոն քաղաքացի։ Երկրի բնակչությունը 3,6 միլիոն մարդուց նվազել է 2,95 միլիոնի (պաշտոնապես, իրականում էլ ավելի քիչ), թեև բնական աճն ամբողջ այդ ընթացքում դրական է եղել։ 2010 թվից ի վե բնական աճը ևս ամեն տարի դանդաղ կրճատվում է (տարեկան 17 հազար մարդուց մինչև 10 հազար՝ անցյալ տարի)։ Այս տեմպերով 2025 թվին բնական աճն էլ կարող է դադարել։
Այս պայմաններում Հայաստանը դեմոգրաֆիական աղետից փրկելը հնարավոր է միայն հայրենադարձության միջոցով: Երկիրը լքած քաղաքացիների, ինչպես նաև անցյալում պատմական Հայաստանը լքած մեր հայրենակիցների զգալի մասը հետաքրքրված է Հայաստան տեղափոխվելով, սակայն դա հնարավոր է երկու պայմաններում՝ երկրում կա բարձր տնտեսական աճ և հնարավորություններ տեղափոխվողների համար, և կա հայրենադարձությունը խթանող պետական քաղաքականություն։
Առաջինը մեծ խնդիր է, և ըստ էության, քաղաքականության հիմնական խնդիրը և առանձին քննարկման առարկա է։ Երկրորդն ավելի կոնկրետ խնդիր է, և 2010 թվականից ի վեր մենք փորձում ենք տեղից շարժել այդ խնդիրը։ 2012 թվականին, համոզվելով, որ իշխանությունն անտարբեր է այս խնդրին (ավելին՝ հայրենադարձների մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում), մենք ստեղծեցինք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, և սկսեցինք մասնավոր միջոցներով աջակցել հայրենադարձներին, բայց դա ընդամենը կաթիլ էր ծովում, քանի որ աջակցության անհրաժեշտ մասշտաբները մի քանի կարգով ավելի էին։
Մեզ, սակայն, հաջողվեց այս խնդիրն աստիճանաբար բարձրացնել հանրային օրակարգ։ 2017 թվականին նախորդ իշխանությունը, տուրք տալով ուժեղացող հանրային տրամադրություններին, հայտարարեց, որ խնդիր է դնում հայրենադարձության միջոցով մինչև 2040թ․ երկրի բնակչությունը հասցնել 4 միլիոն մարդու։ Սա բացարձակ ամպագոռգոռ և սին հայտարարություն էր, քանի որ ամրապնդված չէր որևէ իրական հաշվարկով և գործողությամբ։ Զարմանալիորեն, սակայն, նոր իշխանությունը, կարծես չբավարարվելով նախորդի հորինվածքներով, հայտարարեց, որ պատրաստվում է նույն ժամկետներում երկրի բնակչությունը հասցնել առավել ֆանտաստիկ թվի՝ 5 միլիոն մարդու (կամ 20 տարի անընդհատ տարեկան 100 000 մարդու ներգաղթ ապահովել)։
Սա կլիներ մեր լավագույն երազանքների իրականացումը, եթե գոնե դույզն-ինչ համապատասխաներ իրականությանը։ Իրականությունն այն է, որ, հեղափոխության ոգևորությամբ պայմանավորված, Հայաստան ժամանած մեր համաքաղաքացիների մեծ մասն արդեն հետ է մեկնել, տարվա սկզբից երկրից արտագաղթել է 11 հազար քաղաքացի, նոր իշխանությունը հայտարարում է Սփյուռքի նախարարությունը փակելու մասին՝ փոխարենը ոչ մի բան չառաջարկելով հայրենադարձության աջակցության համար, և որն այս իշխանության խոսքի և գործի խզման ամենամեծ հավաստիքն է․ 2019 թվականի պետական բյուջեում հայրենադարձության աջակցության համար նախատեսված է ընդամենը 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք միջոց։ Պետության մասշտաբով դա պարզապես կոպեկ է և որևէ իրական խնդիր լուծել չի կարող:
Ես չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, սակայն կոչ եմ անում և՛ այս իշխանությանը, և՛ բոլոր քաղաքական ուժերին հայրենադարձության վերաբերյալ արտահայտել իրենց հստակ դիրքորոշումը և բաժակաճառերի ու սին խոստումների փոխարեն ասել՝ կոնկրետ ինչ են իրենք անելու հայրենադարձությանն աջակցելու համար, տարեկան որքան բյուջետային միջոց են պատրաստ հատկացնել, ինչպես են այդ գործում համագործակցելու սփյուռքյան կառույցների հետ։ Հայրենադարձությունը ոչ այնքան հայրենադարձներին է պետք, որքան մեր երկիրը վերջնական դեմոգրաֆիական աղետից փրկելու համար, և ես իմ ձայնը կուզեի տալ այն ուժին, որն այստեղ իրավիճակին համարժեք մոտեցումներ է պատրաստ առաջարկել և իրականացնել։