Քանի որ էս նախընտրական թեժ օրերին այստեղ չեմ լինելու, այլ մշակութային, հանրային դիվանագիտական առաքելությամբ Լիբանանում, ուզում եմ մի երկու նախընտրական դիտարկում անել, քանի որ էնտեղ երևի էլ ժամանակ չունենամ կամ որ էնտեղից անեմ, կասեք՝ սփյուռքահայերն իրավունք չունեն խառնվելու Հայաստանի քաղաքական կյանքին:
1. Ֆավորիտը «Իմ քայլն» է, բայց իր ռեյտինգը թեև արտաքնապես կայուն, բայց և շատ հեղհեղուկ ու կարող է սրընթաց անկում ապրել տարբեր սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, քանի որ հիմնական ռեսուրսը Նիկոլի ֆակտորն է: Դե, Նիկոլն էլ, կներեք արտահայտությանս համար, մարդ է: Ծանր ռեժիմով է աշխատում, որ մի երկու անգամ էլ որ նյարդերը չդիմացան ու ասաց՝ ասֆալտին կփռեմ, արդեն չի ուտվի: Էլ չեմ ասում, որ վտանգ կա, որ Սասունը հանրահավաքներում էլի ելույթ կունենա: Ես չեմ ասում, որ անպայման ռեյտինգի շեշտակի անկում կլինի, ասում եմ, որ լինի, չզարմանաք:
2. «Սասնա ծռերը» աչքաչափովս բավականաչափ վստահություն ունեն և բնակչության մի մասի կողմից համարվում են ռեժիմի տապալմանը նպաստած հիմնական ուժերից մեկը և թերևս ներկայացված կլինեն պառլամենտում:
3. ԲՀԿ-ի ընտրողների մեծ մասը ընտրակաշառքի է սովոր: Չգիտեմ՝ հիմա դրա հնարավորությունը կա, թե չէ: Եթե չկա, իրենց համար դժվար կլինի, բայց իներցիայով կանցնեն: Իսկ եթե չանցնեն էլ, Գագիկ Ծառուկյանը դարդ չի անի․ ինքն ամեն ինչ ունի:
4. ՀՀԿ-ն կրիպտոընտրազանգված ունի, այսինքն՝ մի ինչ-որ տոկոս, որ հաստատ իրեն կտան, բայց էդ փաստը թաքուն են պահում, որ թուքումուր չուտեն: Եվ այդ կրիպտոընտրազանգվածը շատ անկանխատեսելի տոկոս է:
5. ՀՅԴ-ի ընտրազանգվածը որոշակիորեն կայուն էր, որը նրան նախորդ ընտրություններում հազիվ ապահովում էր անցումային տոկոսներ, թեև «չար լեզուներն» ասում են, որ որոշ տոկոսն Ազատիչն է բաշխել, բայց եթե դա էլ չլիներ, որոշ քանակություն ինքը ուներ, սակայն վերջին իրադարձությունների ֆոնին անկում ապրած կլինի: Ամեն դեպքում չի երևում, թե ինչի հաշվին այն պետք է աճեր: Թեև իր ցուցակի առաջին դեմքերից Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը բավականին գրագետ բանավեճեր է վարում, և թիմային աշխատանք իրենց գործողություններում նկատվում է, բայց չգիտեմ՝ դա իրենց կբավականացնի հաղթահարելու անցողիկ շեմը, թե ոչ: Ամեն դեպքում, եթե նույնիսկ չանցնեն, առիթ կլինի, որ քաղաքական «ապաշխարանքի» շրջան անցնեն, նոր գործելաոճ որդեգրեն և բոլոր չարիքների պատճառն այսպես կոչված «հակադաշնակցականների» մեջ չփնտրեն: Որպես քաղաքական համայնք կամ ընտանիք կայացել են, քիչ թե շատ ֆինանսատեխնիկական բազա ունեն, քարոզչամիջոցներ ունեն, գաղափարախոսություն ունեն, ավանդույթներ ունեն, էլ ի՞նչ ա պետք կուսակցությանը երջանիկ լինելու համար:
6․ Որոշակի խաղեր կարող է տալ, ըստ որոշ չփարատված կասկածների, իմ նախկին «կոլեգայի» կողմից աջակցվող «Լուսավորը», բայց էլի չի երևում այն հիմնական պատճառը, որը նրան էական ձայներ կբերի: Մնացածի պարագայում, սորի, շանսեր գրեթե չեմ տեսնում, նույնիսկ եթե շատ լավն են: Բայց մի բան էլ ասեմ․ Հայաստանի այս տարվա հիմնական ֆիշկեն անկանխատեսելիությունն է: Օրը կբացվի, բարին էլ՝ հետը, իսկ ես կխմեմ հիլով սուրճ, կուտեմ հումուս, մութաբալ, ֆատուշ ու մանաիշ, կկլպեմ նարինջ ու կչրթեմ ֆստըխ: «Դիվանագետիս» կյանքն էլ տենց դասավորվեց: