Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պատվավոր տեղն է զվաղեցրել Սերժ Սարգսյանի անսամբլում, կարծում եմ, այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բայց տեղ զբաղեցնել հենց այնպես Րաֆֆիին պատիվ չի բերում՝ մի շնորք պետք է չէ՞ ցուցաբերել՝ այնտեղ մեկը դհոլ է, մյուսը երգիչ…: Միևնույն ժամանակ, Րաֆֆիի նման անվանի անձնավորությունը հո չէր գնալու ու երկրորդ դհոլ աշխատեր, կամ էլ մեներգչին ձայնակցեր: Եվ, դատելով նախընտրական տեսահոլովակից, որտեղ Րաֆֆին ինքնամոռաց պարում է, կարելի է վստահաբար փաստել, որ նա գտել է իր արժանի տեղը: Բայց այդ տեսահոլովակը, որքան էլ լավ է մտածված, հայրենասիրական ոգով համեմված, ազգի նվիրյալ երգիչների կատարումներով հագեցած, մի բան, այնուամենայնիվ, աչքի է զարնում. Րաֆֆին լարված է, կաշկանդված, նրա գործողությունները սինխրոն չեն համույթի անդամների գործողությունների հետ: Մի խոսքով՝ Րաֆֆին վատ է պարում, իսկ թե ինչն է խանգարում վատ պարողին, հուսով եմ, տեղյակ եք:
Այս իրավիճակն ինձ մի հին սովետական անեկդոտ հիշեցրեց: Երիտասարդ աղջիկը մտնելով ավտոբուս, հանդիպելով հոր մարտական ընկերոջը, խոսքի է բռնվում: Հոր ընկերն առաջարկում է. քանի որ նստելու տեղ չկա, աղջիկն իր ձեռքի տոպրակները տա, որ ինքը պահի: Աղջկան պատմում է, թե ինչպես է նրա հայրը զոհվել պատերազմում: Հետախուզության ժամանակ հայրը, մոտենալով հակառակորդի փշալարերին, ցանկանում է կտրել դրանք, բայց մի անզգույշ շարժումից պայթյուն է տեղի ունենում, ու հոր մարմինը ցաքուցրիվ լինում: Թեպետ պատմությունը շատ հուզիչ էր, բայց աղջիկը նկատում է, որ իր իջնելու ժամանակն է, ձեռքը պարզում է, որ վերցնի տոպրակները: Հոր ընկերը տալիս է գրկում դրված տոպրակներից մեկը, սակայն մոռանում է տալ ձվերով լի տոպրակը: Այդ ժամանակ աղջիկն ասում է. «Իսկ ձվե՞րը»: Հոր ընկերը, իր հուզիչ պատմությունով տարված, պատասխանում է. «Իսկ ձվերը մնացին փշալարերից կախված»:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, դատելով Րաֆֆիին փչացնելու իշխանությունների քայլերի ինտենսիվությունից, նա այնպես ուժգին է պայթելու, որ վատ պարելու դրդապատճառները մնան փշալարերից կախված: