Araratnews.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր  նախընտրական քարոզարշավում  խոսեց ՀՀԿ-ի այն կոչերի մասին, թե քաղաքացիները, եթե մտահոգ են  ավանդական արժեքների մասին, թող ընտրեն ՀՀԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  ՀՀԿ-ը խոսում է ավանդական արժեքների մասին, մինչդեռ, օրինակ, եկեղեցին այն աստիճանի վարկաբեկված չի եղել, որքան ՀՀԿ-ի օրոք: Ավելին՝ եկեղեցին ՀՀԿ-ի օրոք եղել է իշխանության կցորդը:

Araratnews.am-ը կապ հաստատեց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Եկեղեցին երբևէ որևէ մեկի, որևէ իշխանության կցորդ չի եղել։ Պետք է նշել, որ Հայոց Եկեղեցին՝ գիտակից իր առաքելությանը ազգային և հայրենական կյանքում, մշտապես իր ծառայությունն է բերել ի նպաստ հայոց պետականության զորացման, ազգի պայծառ ու ապահով կյանքի։ Եկեղեցին երբեմն գործել է սահմանափակումների մեջ, ինչպես օրինակ՝ խորհրդային տարիներին, իսկ անկախությունից հետո ազատության պայմաններում և ամենայն ջանք ի գործ դրել՝ վերականգնելու անցյալի կորուստները, սակայն այդ պարագաներում անգամ Եկեղեցին առաջնորդվել է հայրենի պետության շահերով։ Եկեղեցին իր ծառայությունը երբևէ չի դիտարկել քաղաքական համատեքստում, այլ պետական ու հասարակական կառույցների, ազգային հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների հետ իր հարաբերությունների ձևավորման մեջ առաջնորդվել է ազգի ու Հայրենիքի բարօրության կերտման հրամայականով։ Ցավ է մեզ համար, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է՝ թյուր ընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել