168.am-ը գրում է.

Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեջեսին, որը մեկ շաբաթ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում ցմահ բանտարկության էր դատապարտվել լրտեսության համար, ներում է շնորհվել, տեղեկացնում է BBC-ին:

Հեջեսը, որը 31 տարեկան է, իրեն մեղավոր չի ճանաչել, պնդելով, որ այդ երկրում զբաղվել է գիտական հետազոտություններով: Ներում շնորհելու մասին խնդրագիրը ներկայացրել էր նրա կինը՝ Դանիելա Թեհադան:

Նա Reuters գործակալությանն ասել է, որ անհամբերությամբ է սպասում ամուսնու վերադարձին: «Նախագահը ներում շնորհելու մասին որոշումն ընդունել է ԱՄԷ-ի 47-րդ տարեդարձի կապակցությամբ նշվող Ազգային օրվա առթիվ՝ ի պատասխան Հեջեսի ընտանիքի անհատական դիմումի:

Այն ենթակա է անհապաղ կատարման»,-ասված է նախագահի գործերի նախարարության հաղորդագրության մեջ: ԱՄԷ-ն գլխավորում է նախագահը, որը Աբու Դաբիի խոշորագույն Էմիրության Էմիրն է՝ Խալիֆա իբն Զայդ ալ Նահայյանը: Ինչպես սպասվում է, բրիտանացին կկարողանա ԱՄԷ-ից հեռանալ պաշտոնական ընթացակարգերի ավարտվելուց հետո:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը ներում շնորհելու մասին որոշումը որակել է որպես ցնցող նորություն եւ շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի իշխանություններին, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան առաջվա պես համաձայն չէ Հեջեսի հասցեին հնչած մեղադրանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել