Պատմության մեջ առաջին անգամ Մարզահամերգայինի ընդարձակ դահլիճում կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան երեկ էր: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես եկան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն էր Իրինա Սլուցկայան: BlogNews.am-ը ներկա է եղել մյուզիքլի առաջնախաղին։ Ներկայացնում ենք արտիստների փայլուն համարները։
Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը ներկայացվեց մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Պրոդյուսերը հանդիսատեսի համար պատրաստել էր դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ: Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան էր, Արտաշես արքային մարմնավորել էր Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը։
Նախագծի պատրաստման աշխատանքները տևել էին ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ, ներկայացման վրա աշխատել էր 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ: Հատուկ շոուի համար ստեղծվել էին տեսաինստալացիաներ, որոնք ծառայեցին որպես ներկայացման դեկորացիաներ, ներկայացվեցին Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Այս ամենը ներկայացվեց երկու սիրահար սրտերի պատմության միջոցով, սրտեր, որոնց չկարողացավ բաժանել անգամ մահը:
«Ախթամար»-ը շոու է, որը համապատասխանում է միջազգային բարձրակարգ ստանդարտներին: Երևանյան պրեմիերայից հետո տեղի կունենա սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային շրջագայությունը։ Առաջիկայում արտիստները ներկայացումներով հանդես կգան նաև Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր։
Ներկայացման երկրորդ հատվածում հանդիսատեսը վայելեց անգերազանցելի Եվգենի Պլուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուի յուրահատուկ համարները։ 





































Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի



