Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունը տարածաշրջաններում քաղաքացիներին  աջակցություն է տրամադրում, որպեսզի վերջիններս վերջ տան ապօրինի անտառահատումներին՝ որոշակի գործարար ձեռներեցությամբ զբաղվելով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  այդպիսով երկու խնդիր է լուծվում: «Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ,  բնապահպանական հարցերով լինելու ենք նախանձախնդիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում են, որ պետք է այն իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով և հետևողական քայլեր են ձեռնարկելու այդպիսի ստանդարտներ հաստատելու համար:
«Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկվում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք…Նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին պետք է ցույց տալ, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Նա հայտնեց, որ քաղաքացիներին 55 հազար խմ վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառին վնասելու: Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ եթե ճիշտ կազմակերպվի մեր երկրի կենսաբազմազանությունը, տասնյակ անգամ ավելի օգուտ կբերենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել