Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո, հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածի մարմնի մասերը՝ մեխանիկական վնասվածքներով, ինչպես նաև նրա հագուստը, անձնական իրերը և ինքնաթիռի կտրոնը: Քննիչների աշխատանքի ժամանակ թռիչքուղին փակել են, ինչի պատճառով 8 թռիչքներ հետաձգվել են:

Թռիչքի ժամանակ «Բոինգի» օդաչուները հաղորդել են բախման մասին: Սկզբում անձնակազմը դիսպետչերներին ասել է, որ օդանավը բախվել է կենդանու: Ինքնաթիռը չեն վերադարձրել օդանավակայան, քանի որ, ըստ նախնական տվյալների, օդանավը չէր վնասվել: Դրանից հետո թռիչքուղի են ուղարկել ավիացիոն անվտանգության աշխատակիցների, որոնք գտել են մարդու մարմնի մասեր: Աթենքում «Բոինգի»՝ վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը վնասվել է: Օդանավի թռիչքները կասեցվել են: Ավիաընկերության անվանումը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն, «Շերեմետևո»-ում չվացուցակներից դատելով, դա «Աերոֆլոտ»-ն է:

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված) Հայաստանի քաղաքացի էր:

Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:

«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար քննչական գործողությունները շարունակվում են:

Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ»,- նշել է դեսպանատունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել