Հայկական դրամի ներդրման օրը կներդրվեն նոր, երրորդ սերնդի թղթադրամներ: Այս մասին այսօր հայտնեցին Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը և արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը: 

Այսպիսով՝ նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոցները, իսկ դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ կդրվեն, հազար, երկու հազար և հինգ հազար դրամանոցները: Այսպիսով՝ հազար դրամի թղթադրամի վրա կլինի Պարույր Սևակի պատկերը, հինգ հազար դրամին՝ Վիլյամ Սարոյանի, 10 հազար դրամին՝ Կոմիտասը, 20 հազար դրամին՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարին՝ Գրիգոր Լուսավորիչը, իսկ նոր երկու հազար դրամ թղթադրամին՝ Տիգրան Պետրոսյանը:
Դավիթ Նահապետյանն ասաց, որ թղթադրամի տպագրության մրցույթ է հայտարարվել խիստ պահանջներով, իսկ պահանջն է եղել, որ մասնակիցները եվրո թողարկողներ լինեն և տեխնիկապես բավարարեն բոլոր պահանջներին: «Այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ նրանք հիբրիդ որակի թղթադրամներ են, որը ապահովում է առավել պաշտպանվածություն, և դրանց վրա կարողանում ենք կիրառել ժամանակակից պաշտպանական բոլոր հատկանիշները»,- ասաց նա:

Դավիթ Նահապետյանը շեշտեց, որ երրորդ սերնդի թղթադրամներին զուգահեռ շրջանառվելու են երկրորդ սերնդի թղթադրամները, Կենտրոնական բանկի կողմից որևէ սահմանափակումներ չկան, և դրանք այնքան կօգտագործվեն, մինչև մաշվածության պատճառով շրջանառությունից դուրս գան: Նա նշեց, որ հարյուր հազար անվանական արժեք չեն ներդրել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մեծ պահանջարկ չունի, առավել ևս՝ մեծ գործարքներն անկանխիկ են արվել:

«Սկզբնական շրջանում նոր թղթադրամներում հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներում, քանի որ որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է լինեն, բայց այդ խնդիրը շատ արագ կլուծվի»,-ասաց նա և նշեց, որ այս թղթադրամների տեսակարար կշիռը շատ մեծ չի լինի:

Նունե Տերյանն անդրադարձավ թղթադրամների դիզայնին՝ նշելով, որ սկզբունքը պահպանված է: «Նոր թղթադրամները հիմնականում իրենց դիզայնով և պաշտպանական հատկանիշների տեղադրվածությամբ նմանվում են երկրորդ շարքի թղթադրամներին»,- ասաց նա և նշեց, որ դիզայնը պարզ է, շատ բովանդակային էլեմենտներ կան:

Նա նկատեց, որ հումքը տարբերվում է երկրորդ շարքի թղթադրամներից, բաղկացած է երեք շերտից; Նա ներկայացրեց պաշտպանական հատկանիշները երեք պարզ գործողությամբ: Նունե Տերյանն ասաց, որ թղթադրամները նոր են, գեղեցիկ, պաշտպանված են: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է որոշվել թողարկել երկու հազար դրամանոցներ, Դավիթ Նահապետյանն ասաց, որ ուսումնասիրությունները փաստել են, որ կանխիկ շրջանառության մեջ մեծ պահանջարկ կա հազար և հինգ հազար դրամանոցների, և ամենաշատ կիրառություն ունեին հազար դրամները, և երկու հազար անվանական արժեք ներմուծելով՝ հավասարակշռում են այդ շրջանառությունը: 

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել երկու հազար դրամանոցները թողարկել Տիգրան Պետրոսյանի լուսանկարով՝ նա ասաց, որ ԿԲ հանձնաժողովում երկար քննարկումներ են եղել, թե ինչ պատկերներ ունենալ, բազմաթիվ առաջարկներ են ստացել, և որոշում է կայացվել երկու հազար դրամի վրա ունենալ Տիգրան Պետրոսյանի պատկերը, քանի որ նպատակ են դրել հանրայնացնել հայտնի գործիչներին, որոնց միջոցով մենք աշխարհին ճանաչելի ենք դարձել:

Իսկ հարցին, թե ինչու Շառլ Ազնավուրի պատկերը չի եղել, նա ասաց, որ որոշում կայացնելիս, նա դեռ կենդանի էր:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել