ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում:

Կլեման Նյալեցոսի Վուլեն ներկայացրել է իրենց կառույցին հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը, դատական համակարգի անկախությանը, դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումներին, քաղհասարակության մասնակցությանը որոշումների կայացման հարցումԱրդարադատության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հյուրի բարձրացրած հարցերին, նշել է, որ այս Կառավարության նպատակներից մեկը մարդու հիմնարար, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ապահովումն է և, որպես օրինակ, ընդգծել այս ընթացքում տեղի ունեցած մի շարք խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ իշխանության դրսևորած բարձր հանդուրժողականությունը:   

Խոսելով դատական համակարգի անկախությունից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն է ունեցել դատական իշխանության նկատմամբ, լայն կիրառում է ունեցել այսպես կոչված «հեռախոսային արդարադատությունը»: «Մեր Կառավարությունն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ որևէ դատավոր պատվեր չի ստանալու: Դատավորներն ազատ են վարչապետից ու արդարադատության նախարարից հանձնարարականներ ստանալու պարտականությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է նաև Էլեկտրոնային արդարադատության ոլորտում շարունակաբար ներդրվող ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այլն: 

Անդրադառնալով որոշումների կայացման փուլում քաղհասարակության մասնակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ, ի թիվս այլ քայլերի, որոնցից մեկը նախարարներին կից գործող հասարակական խորհուրդներն են, պետությունը նաև էլեկտրոնային մի շարք գործիքներ է ներդրել՝ ապահովելու քաղհասարակության մասնակցությունը իրավական ակտերի մշակման փուլում:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բարձր է գնահատել Կառավարության դիրքորոշումը դատավորների անկախության ապահովման հարցում՝ նշելով, որ դրանով Կառավարությունը երաշխավորում է երկրում իրավունքի գերակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել