Երբ չես կարդում մամուլը ողողված է հետևյալ արտահայտություններով` ընդդիմություն չկա, ընդդիմությունը պարալիզացված է, ընդդիմությունը կեղծ է, ընդդիմությունը կենսունակ չէ, ընդդիմությունը բացակայում է..., ընդդիմությունը ասելիք չունի, ընդդիմությունը անելիք չունի, ընդդիմությունը պարտվեց, ընդդիմությունը գտնվում է մղձավանջի մեջ, ընդդիմությունը սպառել է իրեն... Այս ամենից կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը, բժշկական տերմինալոգիայով ասած, գտնվում է կոմայի մեջ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ու ինչքա՞ն այսպես նա պետք է մնա «կոմայի» մեջ, միգուցե ժամանակն է եկել, որպեսզի երևան գան նրան արթնացնողները: Ինձ թվում է՝ իշխանություններն էլ են լավ գիտակցում, որ 21-րդ դարի Հայաստանը, չունենալով կենսունակ ընդդիմություն, ուղղակի շանս չունի պատշաճ ներկայանալու աշխարհին: Հիրավի հարիր չէ մեզ, լինելով առաջադեմ մտավոր ունակությունների տեր ազգ, չունենալ իշխանություններին լուրջ «գլխացավանք» բերող օպոնենտ: Միգուցե ժամանակն է եկել, որպեսզի ազգովի սկսենք մտածել նոր ֆորմատի ընդդիմության ստեղծման մասին, միգուցե իշխանություններն էլ լծվեն այդ գործընթացին: Ես քաջ գիտակցում եմ, որ այս վերջին բառակապակցությունը` «իշխանություններն էլ լծվեն այդ գործընթացին», Ձեր մոտ ծիծաղ կառաջացնի, սակայն նախապես ասեմ՝ իզուր, քանզի ուսումնասիրելով առաջադեմ շատ երկրների պրակտիկան՝ եկել եմ այն կարծիքին, որ նմանատիպ սիտուացիաներում եղել են դեպքեր, երբ հենց իշխանություններն են ջատագով հանդիսացել իրական ընդդիմության ձևավորման: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ ամպայման է, որպեսզի վերոհիշյալ ընդդիմությունը հետագայում որևէ կախվածություն ունենա իշխանություններից: Իհարկե, մենթալիտետային Հայաստանում այսպիսի մոդելը դժվար է իրականացնել (հաշվի առնելով որոշ այրերի կամայական հատկանիշներ, սակայն նրանք էլ պետք է գիտակցեն, որ առանց ընդդիմության նույն իշխանությունները դատապարտված են բազում սխալներ թույլ տալու, որի համար նրանք արդեն ստիպված կլինեն պատասխան տալ մի ամբողջ ժողովրդի...):
Աղբյուրը` REPLIK.am



