Ժամանակ չէր լինում անդրադառնալ թեմային:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի առաջին նիստը կայացավ, կայացավ ուղիղ եթերում, ու դա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ մի բան է: Օրակարգը հավանաբար դիտողի համար անհետաքրքիր էր, ու դա բնական է, որովհետև կազմավորման գործընթացն արագացված կերպով մի շարք տեխնիկական լուծումներ է պահանջում: Ոչինչ, հետաքրքիրը դեռ առջևում է))): Բայց այս գրառումը դրա մասին չէ:
Արդեն երկու ամիս ինձ տանջում էր միտքը, թե ինչպե՞ս ենք խոսելու ուղիղ եթերում, դա նորմա՞լ է, թե՞ խելագարություն: Բայց մյուս կողմից ումի՞ց պահանջես կուսակցությունների մասին օրենք ու թափանցիկություն, եթե ինքդ չես անելու:
Մինչև նիստը սարսափելի դիսկոմֆորտ էի ապրում, հետո պարզվեց, որ լավ էր ու հեչ էլ անհարմար չէր:
Էսօր էլ ուրիշ հարց էր տանջում. իսկ մինչև ո՞ւր կարելի է բաց լինել: Գտնում եմ, որ կարելի է բաց լինել մինչև վերջ (երևի բացի մարքեթինգային ռազմավարության քննարկումներից, որը ոչ թե քաղաքականություն է, այլ գովազդ):
Պետք է հղկվենք այնքան, որ ցանկացած բան կարողանանք արտաբերել տեսախցիկի առջև: Ես չեմ պատկերացնում մի բան, որ պրակտիկորեն չեմ ասի տեսախցիկի առջև:
Այո, գուցե դեռ շատ բան սխալ ենք անում, գուցե շատ բան ծայրահեղ ենք անում, գուցե դեռ կաշկանդվում ենք ինչ-որ մտքեր արտաբերելուց, բայց այլընտրանք չկա: Հանրային գործիչը պետք է ապրի ու շփվի ցանկացած բան հանրայնանալու կանխավարկածով:
Եթե մենք չհաջողենք, որևէ սարսափելի բան տեղի չի ունենա, մամուլի արխիվային էջերում հարյուրավոր նման անհաջողություններ են արձանագրվել, բայց, եթե հաջողենք, իսպառ կվերանա քաղաքական առուծախը քաղաքական դաշտից: Ու երևի հեղափոխությունները հենց այդտեղ էլ կանգ կառնեն:
Մենք ժողովրդավարական տեխնոլոգիաներ արտահանող երկիր ենք դառնալու: Եվ երջանիկ եմ, որ երազանքներն իրականանալու «վատ սովորություն» ունեն Հայաստանում:)))