Իրավիճակը Սիրիայի շուրջ կրկին լարվում է։ Պատճառը Ռուսաստանի կողմից Սիրիային մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրների երեք դիվիզիոններն են, որոնք տեղակայվել են Լաթակիա և Համա նահանգներում։

Հիշեցնեմ, որ այդ ՀՕՊ համալիրները Մոսկվայի կողմից անվճար տրամադրվեցին Սիրիային այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին իսրայելական ռազմական օդանավերը, որոնք հարվածներ էին հասցրել Սիրիայի տարածքում մի քանի նշանակետի, միտումնավոր քողարկվել էին ռուսական Իլ-20-ի օգնությամբ և այն դրել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի հարվածի տակ։ Արդյունքում Լաթակիայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայում վայրէջքի պատրաստվող Իլ-20-ը կործանվել էր՝ դառնալով 15 ռուսաստանցի զինվորականների մահվան պատճառ։ Մոսկվան այդ ամենում բացահայտ մեղադրեց Թել Ավիվին։

Հատկանշական է, որ այդ դեպքից և ՌԴ-ի կողմից Սիրիային С-300 համակարգերի մատակարարումից հետո իսրայելական օդուժը որևէ հարված չի հասցրել Սիրիայի տարածքում։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հպարտորեն հաղորդում է Al-Masdar News-ը՝ հղում տալով բարձրաստիճան սիրիացի զինվորականի։ Ստացվում է, որ Թել Ավիվը, չնայած բազմաթիվ հայտարարություններին, իրականում վախենում է հարվածներ հասցնել Սիրիային։
Al-Masdar News-ի դամասկոսյան ցնծությանն արձագանքել է Իսրայելի Երուսաղեմի, բնապահպանության և մշակութային ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը, ով ռուսաստանցի լրագրողներին հայտարարել է. «Այդպիսի զինտեխնիկա մատակարարելով Սիրիային՝ Ռուսաստանը կրում է մասնակի պատասխանատվություն դրա օգտագործման համար։ Որպես կանոն, Իսրայելը արձագանքում է իր տարածքի և իր ինքնաթիռների վրա կատարված հարձակումներին, հիմնականում ոչ թե միջազգային դեմարշների, այլ գործնական գործողություններով այն համակարգերի դեմ, որոնցից հարված է հասցվել Իսրայելի տարածքին կամ ինքնաթիռներին»։ 

Պաշտոնական Թել Ավիվի այս արձագանքն ուղղղակի հեգնանք է Ռուսաստանի հանդեպ։ Էլկինը ռուսաստանցիներին հասկացրել է, որ, ի տարբերություն Պուտինի, ով ընդամենը կարող է դեմարշի լեզվով խոսել ՌԴ-ին վիրավորանքներ և վնասներ հասցնողների հետ, հրեական պետությունը ղեկավարները երբեք որևէ մեկին թույլ չեն տվել իրենց հետ ուժի և վիրավորանքի լեզվով խոսել։ Թել Ավիվն Էլկինի շուրթերով նաև բացահայտ սպառնացել է Մոսկվային։

ՀԳ. Պուտինյան ՌԴ-ն բազմիցս է ապացուցել, որ իր կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ոչ միայն «վելիկոռուսսկոիզգոյսկի» է, այլև սադոմազոխիստական է։ ՌԴ-ի հետ որքան վատ են վարվում, այնքան նա ավելի է հաշվի նստում իրեն վիրավորողների, խաբողների և վնասներ հասցնողների հետ, օրինակ՝ Թուրքիան։ Իսկ այն, ինչ կարելի է Թուրքիային, կարելի է նաև մյուսներին, այդ թվում՝ նաև Իսրայելին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել