Դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն այս շռնդալից մուտքերը հիշեցնում են հայաստանյան էլիտաների հավաքագրման դեֆեկտիվ մշակույթը: Այսպես, կուսակցությունը դառնում է քաղաքական բախտախնդիրների համար դեպի էլիտա մուտք գործելու լավագույն հարթակը:
Սա ռիսկային է. նման դեպքերում կուսակցությունները, հենվելով քանակի վրա, չեն զբաղվում կուսակցաշինությամբ, չեն հիմնում ադյունավետ կազմակերպական կառուցվածքներ, ապակենտրոնացման մարմիններ ու մեխանիզմներ և, ժամանակի ընթացքում, Միխելսի հայտնի՝ «օլիգարխացման երկաթյա օրենքը» սկսում է գործել: Այն տանում է վայրի զնգվածայնացման, երբ ոչ թե կադրերն են որոշում, այլ՝ «կուսակցական օլիգարխները»՝ հավաքագրված զանգվածներին օգտագործելով: Սա կարճաժամկետ էֆեկտ ունի՝ կապված նրա հետ, թե տվյալ կուսակցությունը որքան կմնա իշխանության (Հայաստանում դրա օրինակները՝ որքան ասես):
Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի ասած ինստիտուցիոնալ կուսակցությունը կարող է և չկայանալ: Իսկ այն, ինչ չունի ինստիտուցիոնալ բազա, չունի նաև հարաբերությունների կարգավորման և մոդելավորման պոտենցիալ, հետևաբար՝ երկար կյանք:
Անկեղծ ասած՝ շատ կուզեմ, որ ՔՊ-ն ճիշտ որոշումներ կայացնի, լավ հիմքերի վրա դնի կուսակցության կառուցվածքը և հաջողի, որովհետև դա անհրաժեշտ է մեր քաղաքական համակարգի որակական փոխարկելիության համար, որը համակարգերի զարգացման գլխավոր երաշխիքային գործընթացն է:
Հայաստանի քաղաքական համակարգն այլևս ձախողելու որևէ ռեսուրս չունի, հաջողություն եմ մաղթում ՔՊ-ին: